RISE Powered by Silicon Mountains 2026-ը կներկայացնի պաշտպանական արդյունաբերության ոլորտի հայկական տեխնոլոգիական ձեռքբերումներն ու նորարարությունները
Մայիսի 20-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ անցկացվող RISE Powered by Silicon Mountains 2026 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսին և ֆորումին, որը հունիսի 3-4-ը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ասուլիսին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը և ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:
Բանախոսները ներկայացրել են միջոցառման հիմնական ուղղությունները, գաղափարախոսությունն ու ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, ինժեներական մտքի խթանման և պետություն-մասնավոր համագործակցության ամրապնդման կարևորությունը։
Նախարար Մխիթար Հայրապետյանն իր խոսքում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը կարողացել է դիրքավորվել որպես տեխնոլոգիական երկիր, սակայն այժմ առաջնահերթ է ծառայություններ մատուցող երկրից անցում կատարել սեփական տեխնոլոգիական արտադրանք ստեղծող և արտահանող պետության մոդելին։ Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար Կառավարությունը կարևորում է ինժեներական և ռազմարդյունաբերական ոլորտների զարգացումը։
Նախարարի խոսքով՝ RISE Powered by Silicon Mountains 2026-ը դառնալու է հարթակ, որտեղ հայկական ինժեներական և ռազմարդյունաբերական ընկերությունները միջազգային գործընկերներին կներկայացնեն իրենց մշակումներն ու լուծումները, կձևավորեն նոր համագործակցություններ և կընդլայնեն արտահանման հնարավորությունները։
Մխիթար Հայրապետյանը նաև ընդգծել է, որ վերջին տարիներին ռազմարդյունաբերությունը Կառավարության կողմից ճանաչվել է ռազմավարական ուղղություն, ինչի արդյունքում ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց։ Այդ համատեքստում Կառավարությունը որոշել է դրամաշնորհային ձևաչափով շուրջ 60 մլն դրամ աջակցություն տրամադրել այս միջոցառման կազմակերպմանը։
«Սա ոչ միայն ցուցահանդես է, այլ նաև միջավայր, որը պետք է ոգեշնչի նոր սերնդին ընտրել ճարտարագիտությունը որպես մասնագիտություն և ապագայում նպաստի Հայաստանի տեխնոլոգիական ու արդյունաբերական ներուժի ամրապնդմանը»,- նշել է նախարարը։
ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ Silicon Mountains-ը 2015 թվականից ձևավորվել է որպես տեխնոլոգիական հարթակ և այսօր արդեն վերածվել միջազգային մասշտաբի միջոցառման։ Նա նշել է, որ RISE Powered by Silicon Mountains 2026-ը միավորելու է ռազմարդյունաբերությունը, ճարտարագիտական նորարարություններն ու կիբեռանվտանգությունը՝ հնարավորություն տալով ներկայացնել հայկական տեխնոլոգիական մտքի իրական արդյունքները։
«Մենք ցանկանում ենք, որ այցելուները ոչ միայն լսեն հայկական մշակումների մասին, այլև տեսնեն և շոշափեն այն առաջընթացը, որն այսօր կա Հայաստանում»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ ֆորումի հիմնական թեմաներն են լինելու պաշտպանական արդյունաբերությունը, ինժեներական լուծումներն ու կիբեռանվտանգությունը, իսկ միջոցառման առանցքում՝ հայրենական արտադրողներն ու հայկական տեխնոլոգիական ընկերությունները։
ՏՀՏԳՄ նախագահ և «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը նշել է, որ Հայաստանում գործում են մրցունակ տեխնոլոգիական թիմեր և ընկերություններ, սակայն դրանց ներուժը երկար տարիներ հիմնականում ծառայել է համաշխարհային տնտեսությանը։
Նրա խոսքով՝ այսօր կարևոր է նպաստել հայկական լիարժեք տեխնոլոգիական արտադրանքի ձևավորմանը, ինչը հնարավոր է միայն ընկերությունների միջև ակտիվ համագործակցության և ներուժի միավորման միջոցով։
«Առանձին գործելով՝ փոքր ընկերությունների համար դժվար է ստեղծել մասշտաբային և մրցունակ արտադրանք։ Այդ պատճառով կարևոր է ձևավորել համագործակցային միջավայր, որտեղ ընկերությունները կկարողանան միավորել իրենց ներուժը և համատեղ ստեղծել նոր արժեք»,- նշել է Արմեն Բալդրյանը։
Միջոցառումը կազմակերպում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։
Միջոցառման պլատինե գործընկերն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ոսկե գործընկերը՝ Յունիքոմփը։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրաանցվել հետևյալ հղումով` https://silicon-mountains.org:



