Նոր կարգավորումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը
- Հրապարակվել է՝ 05/03/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 21:
Օրենքում կատարված փոփոխությունները ԱԺ փետրվարի 4-ի լիագումար նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Մանրամասնելով կատարված փոփոխությունները՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են հետևյալ դրույթները.
- Կարգավորող մարմնին վերաբերող գործառույթը, որը վերաբերում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկմանը:
- Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում՝ եռօրյա ժամկետում այդ մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող ինչպես մուլտիպլեքս, այնպես էլ ցանցային օպերատորներին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար:
- Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին:
- Վերանայվել է նաև հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանները։
Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին։
Ներկայացված օրինագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից: