ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ԱՄԷ կատարած այցի շրջանակներում ձեռք են բերվել համագործակցության խորացման նոր պայմանավորվածություններ
- Հրապարակվել է՝ 17/02/2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Դուբայի Համաշխարհային Առևտրի Կենտրոնի հրավերով փետրվարի 3-6-ը աշխատանքային այցով գտնվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Աբու Դաբիում կայանալիք «AI Everything Summit 2025» միջազգային համաժողովին և Դուբայում կազմակերպվող «AI Everything Global 2025 Exhibition» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
«AI Everything Summit» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է նաև «AI and Energy: Can Tech Keep the Lights On in a Net-Zero World» խորագրով պանելային քննարկմանը, ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի քաղաքականության օրակարգն՝ առանձնահատուկ կարևորելով արհեստական բանականության դերը էներգետիկ ոլորտի զարգացման և կայունության ապահովման գործում։
Ռուբեն Սիմոնյանն անդրադարձել է նաև բարձր տեխնոլոգիաների ռազմավարության մշակման աշխատանքներին՝ ընդգծելով հատկապես արհեստական բանականության ոլորտում պետության կողմից իրականացվող քայլերը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության վերաբերյալ նոր ընդունված օրենքը՝ կարևորելով դրա ազդեցությունը տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վրա։
Սիմոնյանն այցի շրջանակներում երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցերի քննարկման նպատակով հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային մասնավոր ընկերությունների հետ, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը, պետության անմիջական մասնակցությունը ոլորտային զարգացման գործընթացում, քննարկել արհեստական բանականության կիրառման լավագույն փորձը, ԱԲ տեխնոլոգիաների զարգացման գործընթացները և դրանց կիրառությանն ուղղված քայլերը Հայաստանի տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ:
Համաձայնություն է ձեռք բերվել փորձի փոխանակման, համատեղ հետազոտությունների իրականացման և այլ թեմաների շուրջ: