Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովին: Այս տարի «Մետաքսի ճանապարհ» ֆորումի առաջնային նպատակն էր խթանել համագործակցությունը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս՝ փոխկապակցվածության բարձրացման հեռանկարով:
Նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը համաժողովի շրջանակում կազմակերպված «Համաշխարհային աճի համար իմաստալից կապի հնարավորություն» թեմայով պանելային քննարկմանը ներկայացրել է այս ուղղությամբ նախարարության ռազմավարական ուղղությունները, խոսել ինտերնետի հասանելիության, թվային ենթակառուցվածքների ապահովման կարևորության, թվային հասարակության, արհեստական բանակության թեմաների շուրջ, ինչպես նաև անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությանը:
Համաժողովի շրջանակում համագործակցության նոր հորիզոններ բացահայտելու նպատակով քննարկվել են նաև հարցերի լայն շրջանակ, ինչպիսիք են՝ Միջին միջանցքի դերի իմաստավորում, Արևելք-Արևմուտք առևտրի նոր ճարտարապետություն, Թվային միացում, Էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացում, Զբոսաշրջության կայունություն, Դիվերսիֆիկացված ներդրումներ՝ հանուն դիմացկուն ապագայի:
Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի կառավարության, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, արտաքին գործերի նախարարության և Ասիական զարգացման բանկի (ADB) աջակցությամբ:
Այցի ընթացքում նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալի, ինչպես նաև ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: