Նախարարը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽՏՏՍ հանձնաժողովի Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց կապուղու համակարգող կոմիտեի նիստի մասնակիցներին
Նոյեմբերի 8-ին Երևանում մեկնարկել են ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց կապուղու (APIS) համակարգող կոմիտեի 7-րդ նիստի աշխատանքները:
Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ կարևորելով թվային կապին, թվային փոխակերպմանը և թվային տնտեսությանն առնչվող հարցերի քննարկումը:
«Մենք կարևորում ենք միջազգային և տարածաշրջանային համագործակցության դերը՝ հաղթահարելու ամենօրյա մարտահրավերներն արագ զարգացող և փոփոխվող աշխարհում: Շատ ոլորտներում մենք առերեսվում ենք միևնույն խնդիրներին, ինչը շարունակական երկխոսության անհրաժեշտություն է առաջացնում՝ ընդհանուր լուծումներ գտնելու նպատակով: Այս համատեքստում, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների, ինչպես նաև՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հետ համագործակցությունն էապես նպաստում է տարբեր ոլորտներում ունեցած լավագույն փորձի փոխանակմանը», – նշել է նախարարը:
Անդրադառնալով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներին՝ Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացումը ՀՀ կառավարության գերակա առաջնահերթություններից է՝ տնտեսության ներառական և կայուն զարգացումն ապահովելու նպատակով: Նախարարի խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար արդեն ընթացքի մեջ է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարության մշակումը: Նախատեսվում է, որ փաստաթուղթը կսահմանի ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարական ուղղությունները:
Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի թվայնացման 2021-2025 թթ. ռազմավարությունը՝ շեշտելով տնտեսության, հասարակության և պետական կառավարման համակարգի թվայնացման առանցքային նշանակությունը:
Ռոբերտ Խաչատրյանը հավելել է, որ Երևանում մեկնարկած միջոցառումը լավ հնարավորություն է մասնակից պետությունների հետ քննարկելու այլընտրանքային կապուղի ստեղծելու համագործակցության հնարավորությունը:
Նիստի մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ՏՀՏ և աղետների ռիսկի նվազեցման բաժնի տնօրեն Տիցիանա Բոնապաչեն, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստին Վեյգանդը և Մալդիվների Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և տեխնոլոգիաների պետնախարար Մոհամեդ Շարիֆը:
ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց կապուղու համակարգող կոմիտեի 7-րդ նիստի շրջանակներում քննարկվելու են թվային աշխարհի գլոբալ միտումները, թվային զարգացման լավագույն փորձով փոխանակվելու հնարավորությունը, Հանձնաժողովի և Կոմիտեի անդամ պետությունների, տարածաշրջանային կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների միջև համագործակցության և գործընկերության ամրապնդումը: