Նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» ընկերություն
- Հրապարակվել է՝ 03/04/2024
- Թեմաներ
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ ապրիլի 2-ին այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» ընկերություն:
«ՍոֆթԿոնստրակտ»-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել ընկերության մասնաշենքում, այցելել Fastbank-ի, Ucraft-ի, Hoory-ի, Fast Media-ի գրասենյակներ, ծանոթացել ՏՏ ոլորտում ընկերության գործունեության հիմնական ուղղություններին ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ավելի քան 15 երկրում։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ առաջատար տեխնոլոգիաների արտադրությամբ և տարածմամբ զբաղվող «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը մասնագիտացած է, մասնավորապես, ծրագրային ապահովման, ֆինանսական ծառայությունների մատուցման, Web3 նախագծերի խթանման, արհեստական բանականության և մետատիրույթի գործիքակազմի մշակման և բազմաթիվ այլ ուղղություններով։ Անդրադարձ է եղել նաև Fastex էկոհամակարգին և դրա շրջանակում իրականացվող թվային փոխակերպման գործընթացին։
Հաջորդիվ կայացած քննարկմանը մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է պետություն-մասնավոր ակտիվ գործընկերությունը։