Մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը, որն անցկացվում է «Համադրելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։
Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է վերջին տարիներին ոլորտում արձանագրած առաջխաղացումը, նշել մի շարք վիճակագրական տվյալներ, անդրադարձել նաև առաջ եկած մարտահրավերներին։
«Ճարտարագիտական շաբաթը բարձր տեխնոլոգիական ոլորտի ամենասպասված իրադարձություններից է, և շատ ուրախ եմ, որ այսպիսի բարձր մակարդակով է կազմակերպվել:
Հույս ունեմ, որ մենք կկարողանանք այն տարածաշրջանային մասշտաբի կարևորության միջոցառման վերածել: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն այս տարի ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել՝ ազդելով Հայաստանի տնտեսական միջավայրի վրա: Ինչպես գիտեք, Հայաստանն այլընտրանք չունի, քան ինժեներական ոլորտի ավելի ու ավելի արագացող տեմպերով զարգացումը։ Դա է ամենամեծ հնարավորությունը, դա ոչ միայն մեր, այլ նաև միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատականն է»,- նշել է
Հակոբ Արշակյանն իր ելույթում՝ փաստելով, որ ՀՀ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում և աջակցում է ոլորտի զարգացմանը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Կարևորելով արդեն ավանդույթ դարձած այս միջոցառման իրականացումը՝ նախարարը նշել է, որ այն յուրատեսակ հարթակ է՝ քննարկելու ճարտարագիտության ոլորտում գրանցած հաջողությունները, բարձրաձայնելու առկա խնդիրները, քննարկելու դրանց լուծումները:
«Ինչպես գիտեք, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն մի քանի տարի իրականացնում է տեխնոլոգիական կրթական ծրագրեր։ Այս տարի առանձնացված 5 ուղղություններից մեկն էլ Ինժեներությունն է: Որակյալ և մրցունակ կրթությունը ցանկացած ոլորտի հաջողության կարևոր հիմնքն է, իսկ գիտությունը՝ ստացած գիտելիքները նորարարության վերածելու, նոր արժեք ստեղծելու լավագույն դրսևորումը: Կարևոր եմ համարում նաև «Ինժեներական քաղաք» ստեղծելու ծրագիրը։ Առանձին վերցրած տարածքում ինժեներական ընկերությունների համար ստեղծում ենք պայմաններ, հնարավորություններ և ենթակառուցվածքներ: «Ինժեներական քաղաք»-ը նախատեսված է տեխնոլոգիական ընկերությունները մեկ վայրում տեղայնացնելու և կենտրոնացնելու համար: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ «Ինժեներական քաղաք» ծրագրի ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է: Հետևաբար, հորդորում, կոչ եմ անում ակտիվ դիմեն ինժեներիայով զբաղվողները»,- նշել է Ռոբերտ Խաչատրյանն իր խոսքում՝ հավելելով, որ միջոցառումն այս տարի անցկացվում է ոչ միայն Երևանում, այլ նաև Վանաձորում, ինչը կարևոր ազդակ է թե՛ մարզերի համաչափ զարգացման, թե՛ մարզերում ինժեներական, և ընդհանրապես տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար:
Նախարարը հույս է հայտնել նաև, որ միջոցառումը տարեցտարի կընդլայնի շրջանակները թե՛ բովանդակային, թե՛ մասշտաբային առումով, կբերի նոր արժեք ու ասելիք ոլորտում, հաջողություն և արդյունավետ քննարկումներ մաղթել մասնակիցներին:
Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, PMI Science-ի գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Օֆելյա Սարգսյանը:
Միջոցառման երեք օրերի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։ Ինչպես նաև Ինժեներական քաղաքում տեղի կունենա ճարտարագիտական ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն ավտոմոբիլային արդյունաբերության, կիսահաղորդիչ սարքերի, կենսաբժշկական ճարտարագիտության, սպառողական էլեկտրոնիկայի և ինժեներական ծրագրակազմի վերջին նվաճումները: Շաբաթն իր աշխատանքները հաջորդիվ կշարունակի Վանաձորում և կամփոփի դեկտեմբերի 25-ին։
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը կազմակերպվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժիներական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, PMI Science գիտահետազոտական կենտրոնի, Նեյշընըլ Ինսթրումենթսի (NI), Ինժեներական քաղաքի (ԻՔ) և մի շարք այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։