Բարձր տեխնոլոգիաների ռազմավարական ծրագրի մշակումը ՀՀ տնտեսության զարգացման կարևորագույն բաղադրիչ է․ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ոլորտում առաջատար փորձագետների հետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 13-ին, նախարարությունում տեղի է ունեցել բարձր տեխնոլոգիաների ռազմավարական ծրագրի մշակման նպատակով հրավիրված խորհրդատուների հարթակի անդրանիկ նիստը՝ Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրի համատեքստում քննարկելու բարձր տեխնոլոգիաների ռազմավարական ծրագրի քաղաքականության մշակման առաջնահերթություններն ու ուղղությունները:
Բարձր տեխնոլոգիաների ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները նախաձեռնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր հանուն դիմակայուն Հայաստանի ծրագրի աջակցությամբ: Ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներում ներգրավված են «Ամերիա» և «Մոդեքս» խորհրդատվական ընկերությունները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գերմանիայի Ֆրաունհոֆերի համակարգերի և նորարարության հետազոտությունների ինստիտուտը և միջազգային փորձագետ Անդրեաս Կլասենը։
Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն, անդրադառնալով ռազմավարական ծրագրի մշակման գործընթացում մասնավոր հատվածի և էքսպերտների հետ համագործակցային միջավայրի ստեղծման կարևորությանն ու նրանց ակտիվ ներգրավվածությանը, նշել է, որ ոլորտում առկա խնդիրների վերլուծման, ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի գործողությունների պլանի և տեսլականի մշակման հարցում ակնկալում է նրանց արդյունավետ և սրտացավ մասնակցությունը:
«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանն, իր հերթին ներկայացնելով աշխարհի և Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիաների սահմանման և քաղաքականության մշակման տարբեր մոտեցումներ, նշել է, որ ձևավորվել է ռազմավարական պլանավորման, տնտեսագետների, հետազոտողների, համաշխարհային տեխնոլոգիաների խոշոր ռազմավարությունների մշակմամբ զբաղվող թիմ՝ ձգտելով տարաբնույթ եզրակացությունների և առաջարկների բախումների ենթատեքստում «ապացույցների վրա հիմնված» սկզբունքով արդյունավետ և որակյալ որոշումներ կայացնելուն:
Նիստին ներկա են գտնվել ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Քննարկվել են մի շարք հարցեր ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներն արդյունավետ դարձնելու նպատակով, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ: