Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հաստատվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

ՀՀ կառավարությունը փետրվարի 13-ի նիստում հաստատել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին» որոշման նախագիծը, որի արդյունքում առաջին անգամ բարձր տեխնոլոգիական 32 ուղղությամբ գործունեություն իրականացնող ընկերություններ միաժամանակ կարող են օգտվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցություններից և հարկային արտոնություններից։

Նախագծի ընդունումը հանդիսանում է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի կիրարկումն ապահովող միջոցառում:

Որոշմամբ սահմանված ցանկով առանձնացվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսական գործունեության դասակարգիչները, որոնք կդրվեն «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված պետական աջակցությունների, ինչպես նաև ոլորտին առնչվող հարկային արտոնությունների տրամադրման հիմքում:

Որոշմամբ սահմանված ցանկում ներառված գործունեության տեսակները հիմնականում ներառում են՝

  • Տեխնոլոգիական արտադրությունը – Էլեկտրոնային բաղադրամասեր, համակարգիչներ, կապի սարքավորանքներ, օպտիկական գործիքներ, թռչող սարքեր և այլ տեխնոլոգիական լուծումներ։
  • Ծրագրային ապահովում և ՏՏ ծառայությունները – Ծրագրային ապահովման մշակում, ինտեգրալային սխեմաների նախագծում, վեբ-պորտալներ, տվյալների մշակում և այլն:
  • Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումների աշխատանքները– Բնական, տեխնիկական, հասարակական ու հումանիտար գիտությունների, կենսատեխնոլոգիաների բնագավառում։

Ընկերության իրացման շրջանառության 90%-ը պետք է լինի բարձր տեխնոլոգիաների ոլորտից։

Հատկանշական է, որ տնտեսական գործունեության տեսակների ցանկը հաստատված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով և նշված հրամանի հավելվածով սահմանված՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող տնտեսական գործունեության տեսակներից առանձնացվել են գործունեության այն տեսակները, որոնք համարվել են թիրախային ուղղություն և առաջարկվել է հենց այդ ուղղությունները պետության կողմից դիտարկել որպես առաջնահերթություն:

Որոշման նախագծի մշակման փուլում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեխնոլոգիական ոլորտի միություններից շրջաբերական գրությամբ հարցման արդյունքներով հավաքագրել է վերջիններիս կազմում ընդգրկված ընկերությունների առաջարկած դասակարգիչների ցանկը, որոնք ըստ էության ներառված են որոշմամբ սահմանված ցանկում:

 Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկին կարող եք ծանոթանալ կից լուսանկարներում։

Նմանատիպ գրառումներ