Գևորգ Մանթաշյանը Էստոնիայում մասնակցել է «Թվային նորարարությունը որպես սոցիալական փոփոխության կատալիզատոր» համաժողովին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 29-31-ը մասնակցել է Էստոնիայում տեղի ունեցած «Թվային նորարարությունը որպես սոցիալական փոփոխության կատալիզատոր» (Digital Innovation as Catalyst for Social Change) էլեկտրոնային կառավարման իններորդ համաժողովին։
Համաժողովի շրջանակում քննարկվել են տարբեր պետություններում տնտեսության, հասարակության և պետական կառավարման թվային փոխակերպմանն առնչվող մի շարք թեմաներ։
Տեղի են ունեցել պանելային քննարկումներ տնտեսության զարգացման գործում թվային տեխնոլոգիաների նշանակության, կարողությունների զարգացման անհրաժեշտության և նորարարության խթանման վերաբերյալ։
Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «How digital innovation boosts social and economic change» խորագրով պանելային քննարկմանը, ներկայացրել է Հայաստանի թվայնացման 2021-2025թթ. ռազմավարության շրջանակում իրականացվող նախաձեռնությունները, բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ծրագրերը, ոլորտի հիմնական առաջնահերթություններն ու խնդիրները: Նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նաև նորարարության խթանման և զարգացման գործընթացում Հայաստանի ունեցած փորձին։
Այցի շրջանակում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի տնտեսական հարցերի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Տիիտ Ռիսսալոյի և նախարարի տեղակալ Սիլլե Կրաամի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Էստոնիայի Հանրապետության տնտեսական հարցերի և հաղորդակցության նախարարության միջև 2023թ.հունվարին նորագույն տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության մասին ստորագրված
Փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացման, երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր:
Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիայի գործադիր տնօրեն Հաննես Ասթոկի հետ ունեցած հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական կրթության, էլեկտրոնային կառավարման ոլորտներում համագործակցության, փորձի փոխանակման վերաբերյալ հարցերին:
Գևորգ Մանթաշյանն այցելել է նաև Էստոնիայի Հանրապետության կառավարություն, որտեղ ծանոթացել է էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, թվային ծառայությունների տրամադրման, թվային կառավարման ոլորտում Էստոնիայի ունեցած փորձին:
Այցի ընթացքում նախարարի առաջին տեղակալը մի շարք հանդիպումներ է ունեցել միջոցառմանը մասնակից տարբեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
«Թվային նորարարությունը որպես սոցիալական փոփոխության կատալիզատոր» (Digital Innovation as Catalyst for Social Change) էլեկտրոնային կառավարման իններորդ համաժողովը կազմակերպվել էր Էստոնիայի տնտեսական հարցերի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Էստոնիայի արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիայի կողմից։