Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ դրանք դիտարկելով որպես ամուր հիմք տեխնոլոգիական և տնտեսական ոլորտներում նոր նախաձեռնությունների իրականացման համար։

Նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի մարդկային կապիտալի ներուժը՝ ընդգծելով, որ երկու երկրների մասնագիտական կարողությունների համադրումը, հատկապես կիսահաղորդչային արդյունաբերության, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) ոլորտում, կարող է ստեղծել փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ և նպաստել համատեղ բարձրարժեք արտադրանքների ստեղծմանը։

Նախարար Հայրապետյանը կարևորել է ներկա պետական քաղաքականությունը, որը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես գրավիչ հարթակ եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական առաջատար տեխնոլոգիական ընկերությունների համար։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է բարենպաստ բիզնես միջավայրի բարելավումը և այնպիսի քայլերի իրականացումը, որոնք կխթանեն խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը հայկական շուկա՝ հնարավորություն տալով լիարժեք օգտագործել երկրի ինժեներական և գիտատեխնիկական ներուժը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հնարավորություններին՝ հանդիսանալու որպես գիտահետազոտական հարթակ ֆրանսիական ընկերությունների համար՝ նախագծման, նորարարական լուծումների մշակման և փորձարկման փուլերում։

Կողմերը նշել են, որ ֆրանսիական տեխնոլոգիական ընկերությունների ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսական զարգացման, դիմակայունության բարձրացման, տնտեսության դիվերսիֆիկացման, ինչպես նաև եվրոպական ինտեգրման գործընթացի առաջմղման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես արհեստական բանականության, կիսահաղորդչային արդյունաբերության և կիբեռանվտանգության ուղղություններով։ Այս համատեքստում քննարկվել են արդեն ձևավորված համագործակցությունները, «Mistral AI» և այլ ընկերությունների հետ ընթացիկ ծրագրերն ու դրանց զարգացման հեռանկարները։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ռազմավարական գործընկերության ձևավորման կարևորությունը՝ ընդգծելով ակտիվ երկխոսության և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։

Նմանատիպ գրառումներ