Ամփոփվել է «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. կարևորվել է ապագա մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
- Հրապարակվել է՝ 12/12/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ապագա» կրթական հիմնադրամի համատեղ «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են ԲՏԱՆ-ում ՀՀ բուհերի ուսանողների պրակտիկայի արդյունքները։
Ողջունելով մասնակիցներին՝ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշել է նախաձեռնության կարևորությունը՝ ընդգծելով, որ ծրագիրը նպաստում է տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների մասնագիտական կողմնորոշմանն ու գործնական կարողությունների ամրապնդմանը։ Խոսել է նաև պետական ծառայողների պատասխանատու աշխատանքի, պետական համակարգում երիտասարդ մանագետների ներգրավվածության կարևորության մասին։
«Ավելի շատ պետք է ուսանողներին ներգրավենք պետական համակարգում՝ փորձ ձեռք բերելու, նաև փոխանցելու նպատակով։ Այն նոր շունչն ու թարմությունը, որ ուսանողները բերում են ցանկացած համակարգ թե´ պետական, թե´ մասնավոր, շատ կարևոր է և´ մեր, և´ ուսանողների մոտիվացիայի համար»,- ասել է նա։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «Ապագա» կրթական հիմնադրամի նախագահ Ռոզա Սոլոմոնյանը՝ կարևորելով ԲՏԱ նախարարության և կրթական հիմնադրամի համագործակցությունը: Նրա խոսքով՝ միասնական ջանքերի արդյունքում ստեղծվել են արդյունավետ հարթակներ, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս տեղափոխվել իրական աշխատանքային միջավայր և ձեռք բերել գործնական հմտություններ։
Ծրագրի մասնակից ուսանողներն իրենց երախտագիտությունն են հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին՝ շեշտելով, որ պրակտիկան հնարավորություն է տվել ներգրավվելու իրական աշխատանքային գործընթացներում, ծանոթանալու նախարարության գործունեությանը և մասնագիտական գիտելիքները կիրառել գործնականում։
Միջոցառման ընթացքում անցկացվել է «Տեխնոլոգիական քուիզ» ինտելեկտուալ խաղը, որի լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը պարգևատրվել են խրախուսական նվերներով։ Ամփոփիչ հատվածում ցուցադրվել է ուսանողների պատրաստած «Միֆեր նախարարության մասին» տեսահոլովակը։
Նշենք, որ եռամսյա պրակտիկային մասնակցել են 9 ուսանողներ՝ ԵՊՀ-ից, ՀԱՊՀ-ից, Հայաստանի ամերիկյան համալսարանից և «Եվրասիա» միջազգային համալսարանից։ Վերջիններս ներգրավված են եղել նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, Թվայնացման, Շուկայի զարգացման, Ֆինանսատնտեսագիտական, Միջազգային համագործակցության և Գործերի կազմակերպման վարչությունների աշխատանքներում։

