Բաց երկխոսություն տեխնոլոգիական թեմաների շուրջ. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է LinkedIn-ի հայաստանյան համայնքի ներկայացուցիչներին
- Հրապարակվել է՝ 10/12/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Պաշտոնական
Դեկտեմբերի 10-ին Ինժեներական քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել ԼինքդԻն (LinkedIn) սոցիալական հարթակի հայաստանյան օգտատերերի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:
Հարցուպատասխանի ձևաչափով քննարկումը կենտրոնացած էր ԼինքդԻնում հայաստանյան օգտատերերին մատուցվող ծառայությունների սահմանափակումների, Հայաստանում տեխնոլոգիական միջավայրի զարգացման, միջազգային էլեկտրոնային վճարումների հասանելիության (PayPal, Stripe), բիզնես նոր հնարավորությունների և ոլորտային քաղաքականության մի շարք առանցքային հարցերի շուրջ։
Նախարար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները տեխնոլոգիական ոլորտում` ընդգծելով ընթացիկ ծրագրերը, առաջիկա անելիքները։ Անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փոխըմբռնման հուշագրին՝ պարզաբանելով փաստաթղթով ամրագրված դրույթների գործնական նշանակությունը, նպատակները և դրանցից սպասվող ազդեցությունը Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի զարգացման վրա։
Քննարկման ընթացքում մասնակիցները բարձրացրել են տեխնոլոգիական համայնքի համար կարևոր բազմաթիվ հարցեր՝ սկսած միջազգային վճարային հարթակների հասանելիությունից մինչև ոլորտի մրցունակության, մասնագիտական զարգացման, արտահանման խթանման և շուկաների ընդլայնման խնդիրները։ Նախարարն արձագանքել է հնչեցված հարցերին՝ ներկայացնելով, թե ինչ փուլում են համապատասխան նախաձեռնությունները և ինչ քայլեր է անում ԲՏԱ նախարարությունը վերջիններիս ուղղությամբ։
Հանդիպման նպատակն էր ձևավորել կառուցողական և բաց քննարկման հարթակ տեխնոլոգիական համայնքի հետ` ամփոփելով ոլորտային առաջնահերթությունները և քննարկման դաշտ բացելով այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ հանդիպման մասնակիցներն առցանց հարթակում բարձրաձայնել էին իրենց մտահոգությունները։