Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ռուբեն Սիմոնյանը «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ի մասնակիցներին է ներկայացրել  բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետության տեսլականը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ի շրջանակներում հուլիսի 25-ին հանդիպում-քննարկում է ունեցել միջոցառման մասնակիցների հետ:
Խարույկի շուրջ անկեղծ և անմիջական զրույցի ընթացքում Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետության տեսլականն՝ ընդգծելով նախարարության ռազմավարական առաջնահերթությունները: Անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարությանը, մշակվող օրենքի նախագծերին և իրականացվող ծրագրերին:

Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ հայ ինժեներները մշտապես առանձնացել են՝ բարդ և խրթին լուծումներ տալով գրեթե անլուծելի թվացող խնդիրներին և վստահություն հայտնել, որ հենց դա է լինելու հաջողության գրավականը՝ Հայաստանը ինժեներական և տեխնոլոգիական կենտրոն դարձնելու գործում:
Մասնակից թիմերի երիտասարդ ղեկավարները կիսվել են իրենց գաղափարներով, նախագծերի նախատիպերով: Ռուբեն Սիմոնյանն էլ իր հերթին խրախուսել է վերջիններիս, որ վստահորեն առաջ շարժվեն  իրենց գաղափարներն իրականություն դարձնելու համար։

«Երազանքներին նվիրված լինելը և դրանք իրականություն դարձնելն է այն շարժիչ ուժը, որ միշտ ինձ մոտիվացրել է իմ գործունեության ընթացքում։ Երազանքներին հավատալը և դրանք իրականություն դարձնելու ձգտումը, ամեն օր ինձ նոր էներգիայով է լցնում, նոր հույսով, ուժ է տալիս շարունակելու, պայքարելու և իմ ներդրումն ունենալու մեր ընդհանուր նպատակի իրականացման և մեր պետության զարգացման մեջ։

Ամեն փոքր հաղթանակ ձեզ ավելի կմոտեցնի երազանքի իրականացմանը: Երբեք մի հանձնվեք, երբ դժվարություններ հանդիպեն ձեր ճանապարհին: Այդ դժվարությունները թող դառնան հնարավորություններ՝ աճելու և ուժեղանալու համար»-նշել է նախարարի տեղակալը: 

Նմանատիպ գրառումներ