Հայկական ոլորտային կազմակերպությունները միասնական տաղավարով մասնակցում են «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին
- Հրապարակվել է՝ 06/05/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ներկայանում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 6-8-ը անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական ցուցահանդեսին՝ հնարավորություն ընձեռելով հայրենական ոլորտային կազմակերպություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 16 կազմակերպություն, որոնցից 12-ը՝ որպես ցուցադրող, 4-ը՝ որպես այցելու:
Ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ՝ Հունաստանի Ազգային պաշտպանության և Հունաստանի Ծովային գործերի և կղզային քաղաքականության նախարարությունների հովանու ներքո:
Բարձր հեղինակություն ունեցող միջազգային պաշտպանական ցուցահանդեսին միջազգային կազմակերպությունները ներկայացնում են ցամաքային, ծովային, օդատիեզերական, ազգային և կիբեռ անվտանգության պաշտպանական համակարգեր: Այն միավորում է պաշտպանական ոլորտի համաշխարհային ներկայացուցիչներին Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Աֆրիկայից, Կենտրոնական և Արևելյան Ասիայից ու Մերձավոր Արևելքից՝ նպաստելով միջազգային համագործակցությանը, տեխնոլոգիական առաջընթացին և տնտեսական աճին:
Ցուցահանդեսի շրջանակում անցկացվող քննարկումները, ներկայացումները և պաշտպանական արդյունաբերությանը վերաբերող նիստերը օգնում են ցուցադրողներին ուսումնասիրել շուկայի նորահայտ միտումներն ու մարտահրավերները՝ բարելավելու իրենց բիզնես ռազմավարությունը, ներդնելու լավագույն փորձը և միջազգայնացնելու իրենց արտադրատեսակները: