Աշակերտական «ԿիբեռՔվեստ» մրցույթն ամփոփել է արդյունքները․ հայտնի են հաղթող թիմերը
- Հրապարակվել է՝ 27/12/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Դեկտեմբերի 25-ին Ինժեներական քաղաքում կայացել է Հայաստանի խոշորագույն դպրոցական կիբեռանվտանգության մրցույթի՝ «ԿիբեռՔվեստ» 2025-ի եզրափակիչ փուլը՝ ամփոփելով շաբաթներ տևած ակտիվ և մրցակցային փուլերը։ Մրցույթին մասնակցել է 1849 աշակերտ՝ 420 թիմով, Հայաստանի բոլոր մարզերի 230 դպրոցներից։
Ողջունելով մասնակիցներին՝ ԲՏԱ նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանը կարևորել է նման ձևաչափով մրցույթների անցկացումը՝ նշելով, որ կիբեռանվտանգությունն այսօր ոչ միայն տեխնոլոգիական, այլև ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Նրա խոսքով՝ դպրոցականների շրջանում կիբեռգիտելիքների զարգացումը կարևոր ներդրում է երկրի թվային ապագայի ձևավորման գործում։
Ելույթով հանդես են եկել նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և «Քոնթեստս լաբ» կրթական հասարակական կազմակերպության նախագահ Տաթև Ադամյանը։ Նրանք ընդգծել են թվային վարքագծի, տվյալների պաշտպանության և կիբեռսպառնալիքներին ժամանակին արձագանքելու կարևորությունը։
Եզրափակիչ փուլի արդյունքում որոշվել են մրցույթի հաղթող թիմերը։
Առաջին մրցանակին է արժանացել «Կիբեռ արծիվներ» թիմը (Գ. Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոց), երկրորդին՝ Alpha Cyber (Այնթապի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց), իսկ երրորդ մրցանակը կիսել են Mind Hackers_ArtSTEM («ԱրտՍՏԵՄ» վարժարան) և Mind Hackers_Global Bridge («Գլոբալ բրիջ» կրթահամալիր) թիմերը։
Հաղթող թիմերը պարգևատրվել են մրցանակներով և պատվոգրերով, որոնք հանձնել է ԲՏԱ նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանը։
Նշենք, որ «ԿիբեռՔվեստ» աշակերտական մրցույթն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության նախաձեռնությամբ՝ «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպության կողմից։ Նախաձեռնությունը նպատակ ունի խթանել դպրոցականների հետաքրքրությունը կիբեռանվտանգության նկատմամբ և ձևավորել նոր սերնդի գիտելիքահենք ու պատասխանատու թվային համայնք։