Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Կիբեռանվտանգության իրազեկման արշավն այս անգամ կանգ առավ «Ինժեներական քաղաք»-ում

«Ինժեներական քաղաքում» տեղի է ունեցել կիբեռանվտանգության իրազեկման արշավի հերթական հանդիպումը, որին մասնակցում էին շուրջ 200 աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ։ Արշավի նպատակն է թե՛ դպրոցականների, թե՛ մեծահասակների շրջանում ձևավորել առավել պաշտպանված և պատասխանատու առցանց վարքագիծ։

Միջոցառումը մեկնարկել է արդեն ավանդական դարձած ինտերակտիվ ձևաչափով․ աշակերտները հատուկ հավելվածի միջոցով պատասխանել են կիբեռանվտանգությանը, հնարավոր կիբեռհարձակումներին ու առցանց ռիսկերին վերաբերող հարցերին և կիսվել սեփական պատկերացումներով: 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ներգրավվածության և հետաքրքրվածության համար, կարևորել է թվային վտանգների ճանաչումն ու դրանցից պաշտպանվելու հմտությունների ձևավորումը։  Նա նշել է, որ թեև մարդիկ ամեն օր առնչվում են կիբեռռիսկերին, սակայն հաճախ թերագնահատում են դրանց իրական ազդեցությունը, ուստի անվտանգ թվային միջավայր ունենալու համար անհրաժեշտ է դեռ վաղ տարիքից ձևավորել պատասխանատու առցանց վարքագիծ։ 

Անդրադառնալով ոլորտի արդի մարտահրավերներին՝ նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է արհեստական բանականության կիրառման ռիսկերն ու առավելությունները, «դիփֆեյքերի» ազդեցությունը և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմը։

ՀՏՀԳ AM-CERT-ի թիմը ներկայացրել է կիբեռհիգիենայի և առցանց անվտանգ վարքագծի վերաբերյալ տեղեկատվական նյութեր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով գաղտնաբառերի պաշտպանվածությանը։ Ստացված գիտելիքների ամրապնդման նպատակով աշակերտների համար կազմակերպվել են խմբային աշխատանքներ, որոնց շրջանակում քննարկվել են «ֆիշինգային» (phishing) հարձակումներից պաշտպանվելու մեթոդները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առավել տարածված կիբեռհարձակումներն ու սպառնալիքները: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հանդես է եկել խորքային պարզաբանումներով՝ ներկայացնելով նմանատիպ իրավիճակներում ճիշտ արձագանքման և պաշտպանության արդյունավետ գործիքները:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալը ընդգծել է, որ կիբեռանվտանգությունը համընդհանուր պատասխանատվություն է, որը պահանջում է յուրաքանչյուրի զգոնությունն ու գրագետ ներգրավվածությունը։

Միջոցառումն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) համատեղ նախաձեռնությամբ:

Նմանատիպ գրառումներ