Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մեկնարկել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավը

Հոկտեմբերի 31-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ Լոռու մարզի ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում մեկնարկել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավը։ Նախաձեռնության նպատակն է բարձրացնել կիբեռանվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը հանրակրթական դպրոցների սովորողների, մանկավարժների և ծնողների շրջանում։ Մասնակցել է ավելի քան 300 մարդ։

Նախարար Հայրապետյանը միջոցառմանը հանդես է եկել բանախոսությամբ՝ խոսելով կիբեռանվտանգության, տվյալների պաշտպանության, արհեստական բանականության կիրառկումների, դիպֆեյք տեխնոլոգիաների և ապատեղեկատվության մասին:

Հանդիպման ընթացքում նախարարը և թվային անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը վարել են հարցուպատասխանի ձևաչափով քննարկում։ ՀՏՀԳ Համակարգչային միջադեպերի արձագանքման ազգային կենտրոնի աշխատակիցներն էլ իրենց հերթին մասնակիցներին փոխանցել են թվային հիգիենայի և առցանց սոցիալական փոխհարաբերությունների վերաբերյալ գիտելիքներ։

Կիբեռանվտանգության իրազեկման արշավը միտված է օգնելու քաղաքացիներին դառնալ ավելի տեղեկացված և պատասխանատու առցանց միջավայրում։

Արշավն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) համատեղ նախաձեռնությամբ։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է կազմակերպել ավելի քան 20 մարզային հանդիպում պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև տարբեր մարզերում գտնվող ՔՈԱՖ եւ ԹՈՒՄՈ կենտրոններում, Դիլիջանի կենտրոնական դպրոցում։

Նմանատիպ գրառումներ