ՀՀ պատվիրակությունը ժամանել է Սոֆիա. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ
- Հրապարակվել է՝ 16/07/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Հուլիսի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը ժամանել է Բուլղարիայի Հանրապետություն՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին, ինչպես նաև երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունների քննարկմանն ու դրանց հետագա զարգացմանն ուղղված բանակցությունների նպատակով։
Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի միջև։
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։
Քննարկմանը կողմերը վերահաստատել են քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և նախանշել նոր հեռանկարներ՝ համագործակցության ընդլայնման համար։
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում` Եվրամիության հետ համագործակցության, ինչպես նաև ԵՄ-Սևծովյան տարածաշրջան նոր ռազմավարության համատեքստում։
Նախարար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի առաջընթացը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում և ընդգծել ՀՀ-ի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը այս ուղղությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը հյուրընկալելու համար։
Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևը նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Սևծովյան ավելի լայն տարածաշրջանում և ընդգծել է, որ ավելի անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը հնարավոր է Եվրոպայի և Ասիայի միջև կապերի ամրապնդման և փոխադարձ վստահության հիմքի վրա։ Նա վերահաստատել է Բուլղարիայի պատրաստակամությունը՝ կիսվելու փորձով և աջակցելու Հայաստանի մերձեցմանը Եվրոպական միության հետ։
Երկկողմ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը։