Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱՆ ռազմավարական նախաձեռնությունը՝ ԱԲ վիրտուալ ինստիտուտն արդեն իրականություն է

  • Հրապարակվել է՝ 08/07/2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝  համաշխարհային տեխնոլոգիական հսկաներից մեկի՝ Amazon Web Services (AWS) ընկերության և Եվրոպայում արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի առաջատար Mistral AI ընկերության հետ ընդլայնված համագործակցության շրջանակում հերթական խոշոր ծրագիրն է մեկնարկում։

Կյանքի է կոչվում ԲՏԱՆ ռազմավարական նախաձեռնությունը՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը,   որը բաց հարթակ է նորարարության համար՝ նախատեսված միավորելու արհեստական բանականության ոլորտի նորարարներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին, ՏՏ ստեղծագործողներին՝ խթանելով առաջատար հետազոտությունները, նորարարությունն ու արտադրանքի զարգացումը։

Համագործակցության շրջանակում AWS-ը կաջակցի ԱԲ վիրտուալ ինստիտուտին՝ տրամադրելով AWS լուծումների ճարտարապետների տեխնիկական փորձագիտական աջակցություն, ուսումնական ռեսուրսներ և առաջատար փորձառություն՝ խթանելով արհեստական բանականության առավել լայն կիրառումը Հայաստանում՝ ամպային տեխնոլոգիաների միջոցով։  

Mistral AI-ն իր հերթին կտրամադրի փորձագիտական աջակցություն, հասանելիություն առանձնահատուկ պայմաններով իր առաջադեմ ԱԲ հարթակին և բաց կշռային մոդելներին, ինչպես նաև՝ անվճար API (ծրագրային հավելվածների ինտերֆեյս) հասանելիություն՝ հատուկ ընտրված դափնեկիրների համար, ինչը հնարավորություն կընձեռի հետազոտողներին և ստարտափներին աշխատելու ներկայիս հզորագույն ԱԲ գործիքներով։

Չնայած այս նախաձեռնության հիմքը դրվել էր դեռևս ամիսներ առաջ, սակայն երկարաժամկետ ազդեցություն ապահովելու համար գործարկումն իրականացվել է այն պահին, երբ տեխնոլոգիական զարգացումը, էկոհամակարգի հասունությունն ու ռազմավարական ներդաշնակությունն առավելագույնս համադրված են։ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը պարզապես հարթակ չէ, այն հստակ առաքելությամբ ձևավորված էկոհամակարգ է, որտեղ հեղափոխական գաղափարները բացահայտվում և կյանքի են կոչվում, նորարարությունը հանդիպում է կապիտալին, մենթորությանը և իրականացման հեռանկարին։

Ծրագրի ողջ ընթացքում մասնակիցներին աջակցելու համար  նախարարությունն ակտիվորեն կներգրավի բարձրակարգ մենթորների և տեխնիկական ասպարեզի խորհրդատուների։ Ընտրած ստարտափներն ու հետազոտողները ԱԲ marketplace-ի միջոցով կստանան ճանաչում, անհատական աջակցություն՝ իրենց լուծումները տեղական և միջազգային շուկաներում ներկայացնելու համար։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է հետազոտողներին, ստարտափներին, ՏՏ ստեղծագործողներին` միանալու այս շրջադարձային ծրագրին։ Շուտով կհայտարարվի դիմումների ընդունման մասին։

Մանրամասները՝ https://ai.gov.am/:

Նմանատիպ գրառումներ