Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Թվայնացման  վարչության փորձագետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) թվայնացման վարչությունն իրականացնում է թվայնացման, կիբեռանվտանգության, արհեստական բանականության միասնական քաղաքականության մշակումը, թվային փոխակերպման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանման միջոցառումների մշակում։

Թվայնացման ոլորտը (այդ թվում՝ պետական կառավարման թվայնացում, կիբեռանվտանգության ապահովում, արհեստական բանականության և այլ նորարարական թվային լուծումների կիրառում) ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկն է, որը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Նախարարության կողմից թվայնացման ոլորտում ներկայումս իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր՝ ուղղված պետական ծառայությունների թվայնացմանը, թվային ենթակառուցվածքների զարգացմանը, արհեստական բանականության ոլորտի զարգացմանն ու խթանմանը, կիբեռանվտանգության կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգում ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնմանը։

Վերոնշյալ աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով, ինչպես նաև նշված ուղղություններով իրականացվող ծրագրերի պատշաճ համակարգման և զարգացման ապահովման համար առաջացել է թվայնացման ոլորտում փորձագետ ներգրավելու անհրաժեշտություն, ով իր մասնագիտական բարձր որակավորման և փորձի շնորհիվ աջակցություն կցուցաբերի թվայնացման վարչության գործառույթների իրականացմանը։

Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք ակնկալվում է փորձագետի կողմից հետևյալ գործառույթների իրականացում՝

  1. Թվայնացման և թվային տնտեսության քաղաքականությունների մշակում՝ մասնակցություն թվայնացման, թվային փոխակերպման և թվային տնտեսության միասնական պետական քաղաքականության, ռազմավարությունների և օրակարգի մշակման, ներդրման, համակարգման, մշտադիտարկման և գնահատման գործընթացներին։
  2. Թվային օրակարգի իրականացման աջակցություն՝ թվային օրակարգի իրագործման նպատակով անհրաժեշտ սկզբունքների, ստանդարտների, ընթացակարգերի և գործիքակազմի մշակման, ներդրման և կիրառման գործընթացների համակարգման և վերահսկման միջոցով։
  3. Կիբեռանվտանգության քաղաքականության զարգացման աջակցություն՝ մասնակցություն կիբեռանվտանգության միասնական քաղաքականության, օրենսդրության և գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներին, ինչպես նաև կիբեռգրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների և համապատասխան միջազգային պարտավորությունների կատարման ապահովմանը։
  4. Արհեստական բանականության ոլորտի զարգացում՝ աջակցություն արհեստական բանականության միասնական քաղաքականության մշակմանը և իրականացմանը՝ ներառյալ օրենսդրական դաշտի վերլուծությունը, ոլորտային կարիքների գնահատումը, տեխնոլոգիաների կիրառման խթանումը, ինչպես նաև հետազոտական ծրագրերի զարգացմանն աջակցությունը՝ մասնավոր և ակադեմիական հատվածների համագործակցության շրջանակում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչությունում՝ կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման դեպքով ներգրավել փորձագետ:

   Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում,
  • թվայնացման, կիբեռանվտանգության և արհեստական բանականության ոլորտներում իրավական կարգավորումների, միջազգային ստանդարտների և ոլորտային քաղաքականությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է 2027 թվականի փետրվարի 26-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 18.03.2026թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: