Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 355-Ն որոշման համաձայն և գործում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ։

Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը մշակող և տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքները համակարգող լիազոր մարմիններին աջակցություն ցուցաբերելն է՝ ուղղված ՀՀ պետական մարմիններում էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովմանը։

Իր լիազորությունների շրջանակում Կազմակերպությունը իրականացնում է․

  • տեղեկատվական անվտանգության ոլորտում նորմերի և մեթոդական ուղեցույցների մշակում,
  • մասնագիտական վերապատրաստման և կարողությունների զարգացման ծրագրերի կազմակերպում,
  • տեխնիկական և ծրագրաապարատային լուծումների մշակում,
  • տեղեկատվական անվտանգության բնագավառում հետազոտական և գիտահետազոտական աշխատանքների իրականացում։

Էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովման նպատակով Կազմակերպությունը համագործակցում է պետական մարմինների, այդ թվում՝ համակարգող լիազոր մարմնի, ինչպես նաև ոլորտային (իրավասու) կազմակերպությունների հետ։

Կազմակերպության գործունեությունը նպաստում է Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ոլորտում միասնական մոտեցումների ձևավորմանը, պետական համակարգերի պաշտպանվածության բարձրացմանը և թվային միջավայրի կայուն ու վստահելի զարգացմանը։