Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

1972թ.-ին, միավորելով «Էլեկտրակապի պետական տեսչությունը» և «Տեխնիկական հսկման կայանները», ստեղծվել է մեկ ընդհանուր կառույց, որի վերջին իրավահաջորդն է հանդիսանում «ՀՀԿ» ՊՈԱԿ-ը: Կազմակերպության նպատակն էր զերծ պահել ռադիոհաճախականային ամբողջ տիրույթը խանգարումներից և թույլ չտալ անօրինական օգտագործումը:

1992թ. Հայաստանի Հանրապետությունը միացել է Հեռահաղորդակցության միջազգային միությանը և դարձել միության լիիրավ անդամ: 1992թ.-ից սկսած, բացի նախկինում իրականացրած գործառույթներից, ավելացել է նաև ՀՀ տարածքում գործող ռադիոցանցերի և ՀՀ-ին հատկացված արբանյակային ուղեծրերի միջազգային պաշտպանությունը և որպես նախարարության կողմից լիազորություններով օժտված կապի ադմինիստրացիա՝ միջազգային մասնագիտական կառույցներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը:

Մինչև 2006թ. հունվարի 1-ը կազմակերպությունը, որպես «ՀՀԿ» ՓԲԸ, իրականացնում էր նաև ռադիոհաճախականային տիրույթների շահագործման թույլտվությունների տրամադրում, սակայն ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 6-ի թիվ 1807-Ն որոշումով ստեղծվեց «ՀՀԿ» ՊՈԱԿ-ը, որն իրականացնում է հետևյալ աշխատանքները.

  • կատարում է ռադիոեթերի դիտարկում և ազդանշանների տեխնիկական պարամետրերի չափումներ,
  • տեղորոշում է ռադիոէլեկտրոնային միջոցները և բարձր հաճախականության սարքավորումները,
  • իրականացնում է էլեկտրամագնիսական իրավիճակների չափումներ և հաշվարկներ,
  • կատարում է ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների տեխնիկական զննումներ,
  • անցկացնում է ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների փորձաքննություն,
  • հայտնաբերում և վերացնում է եթերի խանգարման աղբյուրները,
  • պարբերաբար վերանայում է Հայաստանի Հանրապետությունում հաճախականությունների բաշխման ազգային աղյուսակը՝ հաճախականությունների բաշխման միջազգային աղյուսակին հնարավորինս        համապատասխանեցնելու նպատակով,
  •  ընդունում է ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների տեղադրման վայրերում շինարարական աշխատանքների՝ տեխնիկական նորմերին համապատասխանության ակտեր,
  •  իրականացնում է հատկացված հաճախականությունների պլանային չափումները,
  • կատարում է Հայաստանի Հանրապետությանը հատկացված արբանյակային դիրքերի և կից հատկացված ու պլանավորվող հաճախականային շերտերի և կապուղիների միջազգային կոորդինացման և գրանցման աշխատանքներ,
  • իրականացնում է միջազգային շտեմարանում նոր հաճախականային հատկացումների վերաբերյալ նյութերի մշակում, պլանավորում և համեմատականների անցկացում՝ հետագայում միջազգային շտեմարանում գրանցման համար:

 Միաժամանակ «ՀՀԿ» ՊՈԱԿ-ին թույլատրված է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.

  • Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների բոլոր տեսակի չափումների և փորձաքննության իրականացում,
  • Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների էլեկտրամագնիսական համատեղելիության նախագծերի կազմում,
  • Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների մոնտաժային և կարգավորման աշխատանքների իրականացում,
  • Կապի և ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում խորհրդատվական ծառայությունների մատուցում,
  • Կապի և ռադիոէլեկտրոնիկայի ու անտենաֆիդերային սարքավորումների նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում: