«Գաղափարից մինչև բիզնես». ինտենսիվ դասընթաց ծրագրի մասնակիցների համար

հունիսի 17, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում մրցույթի առաջին փուլը հաղթահարած 39 կազմակերպությունների համար անցկացվել է մեկօրյա ինտենսիվ դասընթաց։

Միջազգային հեղինակավոր «Plug and Play» աքսելերացիոն կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացված դասընթացի ընթացքում աքսելերատորի մենթոր Լարս Վեստերգարդը մասնակիցներին է փոխանցել պատկերավոր ներկայացման (pitching) հմտությունները, անդրադարձել ներկայացման կառուցվածքին, ինչպես նաև ներդրողների ու փորձագետների առջև հաջող ելույթ ունենալու հիմնական սկզբունքներին։ Փորձագետները մանրամասնել են, թե ինչպես կարելի է մրցույթի գնահատող հանձնաժողովին արդյունավետ ու համոզիչ ներկայանալ և առավել հստակ թիրախավորել սեփական բիզնես գաղափարները։ 

Նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության մասնագետ Ալվարդ Վարդանյանը մասնակիցներին է ներկայացրել ծրագրով նախատեսված պայմանագրային պարտավորությունները, հաշվետվությունների ներկայացման կարգը, ժամկետները և ծրագրի իրականացման հիմնական ընթացակարգերը։

Հիշեցնենք, որ մրցույթի երկրորդ փուլի արդյունքներով մինչև 15 կազմակերպություն կստանա մինչև 5 մլն ՀՀ դրամ դրամաշնորհային աջակցություն՝ իրենց նորարարական գաղափարները կենսունակ բիզնեսի վերածելու համար։