Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարարը ԵՊՀ-ի ռեկտորին առաջարկել է մայր բուհում արհեստական բանականության գրագիտության պիլոտային ծրագիր ներդնել

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել առաջարկությամբ՝ արհեստական բանականության (ԱԲ) գրագիտությունը ներառել դասավանդվող առարկաների ցանկում՝ 2026/27 ուսումնական տարվանից։

Նախարարի խոսքով՝ արհեստական բանականությունն այսօր աստիճանաբար դառնում է կրթության և աշխատանքի անբաժանելի մաս, իսկ դրա հնարավորություններից արդյունավետ օգտվելու և կիրառման ընթացքում առաջացող ռիսկերից խուսափելու ամենաարդյունավետ ճանապարհը համակարգված կրթությունն է։

Նախարար Հայրապետյանը նշել է, որ Երևանի պետական համալսարանը՝ որպես երկրի մայր բուհ և առաջադեմ կրթական հաստատություններից մեկը, կարող է առաջնորդել այս նախաձեռնության պիլոտային իրականացումը կրթական միջավայրում։ Ծրագրի հաջող մեկնարկի դեպքում այն հնարավոր կլինի ընդլայնել Հայաստանի բոլոր բուհերում, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում։

Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է տարբեր ոլորտների մասնագետներին հնարավորություն տալ անվտանգ և արդյունավետ կիրառելու արհեստական բանականության գործիքները իրենց մասնագիտական գործունեության մեջ, ընկալելու հիմնական հասկացությունները և աշխատելու ԱԲ-ի վրա հիմնված լուծումների հետ՝ անկախ մասնագիտական ուղղությունից։

Նախարարն ընդգծել է, որ ԵՊՀ-ն ունի բավարար ներուժ նման հավակնոտ ծրագրի իրականացման համար և հույս հայտնել, որ նախաձեռնությունը կընդունվի, ինչից հետո հնարավոր կլինի համատեղ ջանքերով անցնել դրա գործնական իրականացմանը։

Նմանատիպ գրառումներ