Քննարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2025 թ․ գործունեության հաշվետվությունը
Հունվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։
Հանդիպման ընթացքում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության 2025 թվականի երկու կիսամյակների գործունեության առաջնահերթ ուղղությունները և դրանց շրջանակում սահմանված արդյունքային ցուցանիշների կատարման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։
Նախարարը նշել է, որ հաշվետու տարում նախարարության հիմնական առաջնահերթություններն են եղել թվայնացումը, արհեստական բանականության գործիքների կիրառումն իրական կյանքում, տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, հեռահաղորդակցության ոլորտը, ինչպես նաև ռադիոհաճախականությունների օգտագործման և կարգավորման օրենսդրական բարելավումը։ Նշված ուղղություններով ներկայացվել են իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև 2026 թվականի առաջին կիսամյակի նախատեսվող քայլերը։
Ներկայացվել է, որ 2025 թվականի ընթացքում ամբողջությամբ ընդունվել են «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնց ընդունմամբ ձևավորվել են կայուն և կանխատեսելի հիմքեր երկրի թվային տնտեսության զարգացման համար։
Նշվել է նաև, որ լիարժեք ապահովվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումը։ Ծրագրի շրջանակում տնտեսվարողներին տրամադրվել է շուրջ 8.76 մլրդ դրամի պետական աջակցություն՝ աշխատանքային միգրանտների ներգրավման, նոր աշխատողների ընդունման, ինչպես նաև աշխատակիցների վերապատրաստման նպատակով։ Ներկայումս աջակցության դիմումներն ընդունվում են էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ապահովելով ինքնաշխատ հաշվարկ և աջակցության տրամադրման որոշումների կայացում։ Ի պատասխան վարչապետի հարցի՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ վիրտուալ ինստիտուտը ստեղծվել է ուսանողների, ստարտափների և հետազոտողների համար, վերջիններս կարող են դիմել և սուբսիդիայի միջոցով ստանալ հասանելիություն գերհամակարգչին, միջազգային այլ ծառայությունների, ինչպես նաև 2027 թվականից՝ Firebird AI–ի հաշվողական ռեսուրսին։
Ընդգծվել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համագործակցելով Amazon Web Services (AWS) ընկերության և արհեստական բանականության ոլորտում Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերության հետ, գործարկել է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը (ai.gov.am)։ Ինստիտուտը բաց հարթակ է, որը միավորում է տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և նորարարներին՝ գիտահետազոտական գործունեության և արտադրանքի մշակման ամբողջ շղթայում աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Միաժամանակ հաստատվել է պետության կողմից արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը, և մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը։ Նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակում մշակել քաղաքացի–արհեստական բանականություն երկխոսության հարթակի տեխնիկական առաջադրանքը և դրա հիման վրա կազմակերպել մրցույթ կամ կնքել պայմանագիր համապատասխան կազմակերպության հետ։ Հարթակը նախատեսված է քաղաքացիներին նախարարության գործունեությանը, ծրագրերին և լիազորություններին առնչվող հարցերի վերաբերյալ արագ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար՝ զանգերի և էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, արհեստական բանականության անմիջական մասնակցությամբ։ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ արհեստական բանականությունը նախատեսվում է ներդնել գերատեսչությունների զանգերի կենտրոններում։
«Անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումներն արդեն առկա են Հայաստանում․ հայերեն ձայնից տեքստ և տեքստից ձայն տեխնոլոգիաները գործում են, իսկ ամբողջ տեխնոլոգիական շղթան ապահովված է տեղական տեխնոլոգիական ընկերությունների կողմից մշակված ալգորիթմներով»,- նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ համակարգը կգործի արդյունավետ։
Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է․ «Կարծում եմ, մենք հետևյալ գործողությունը պետք է անենք, պետք է նայենք տարբեր գերատեսչություններում ինչ ստորաբաժանումներ կան, հաշվարկենք այնտեղ ինչ բյուջե և ինչ հաստիքներ կան։ Մենք առաջիկայում ջանք պետք է գործադրենք այդ բաժիններում աշխատող մեր գործընկերներին վերապատրաստելու և աշխատանքի պատրաստելու ուղղությամբ»։
Վարչապետը նշել է, որ բոլոր գերատեսչությունների համար մշտապես թվայնացումը պետք է լինի առաջնահերթությունների ցանկում։
«Այսինքն՝ ես տեսանելի ապագայում չեմ տեսնում իրավիճակ, երբ մենք ասենք լավ՝ եկեք թվայնացումն այլևս հանենք առաջնահերթությունների ցանկից և դարձնենք սովորական պլանային միջոցառում։ Բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար թվայնացումը պարտադիր առաջնահերթություններից մեկն է։ Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ»,– հավելել է վարչապետը։
Զեկուցվել են ռադիոհաճախականությունների օգտագործման և կարգավորման ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխությունները և դրանց կիրառական ազդեցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տեսալսողական մեդիայի ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխություններին։
Ներկայացվել է Plug and Play միջազգային ընկերության հետ համագործակցության շրջանակում կնքված պայմանագիրը։ Եռամյա համագործակցության ընթացքում կիրականացվեն ինկուբացիոն, նախաաքսելերացիոն և աքսելերացիոն ծրագրեր՝ յուրաքանչյուրում ընդգրկելով 15–20 ստարտափ։ Ծրագրի շրջանակում Հայաստան են ժամանում միջազգային փորձ ունեցող մասնագետներ՝ մասնակից ստարտափներին մենթորական աջակցություն, բիզնես խորհրդատվություն և գործարար կապերի հաստատման հնարավորություն տրամադրելու նպատակով։
Ներկայացվել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման ընթացքը։ Արդեն իսկ մշակվել են վերլուծական զեկույցները, սահմանվել են առաջնահերթ տեխնոլոգիական ուղղությունները, և ներկայումս ընթանում են ռազմավարական նպատակների ձևավորման, գործողությունների ծրագրի կազմման և շահագրգիռ կողմերի հետ քննարկումների աշխատանքները։ Ռազմավարական ծրագիրը նախատեսվում է հաստատել 2026 թվականի առաջին կիսամյակում։
Զեկուցվել է Starlink բարձր արագությամբ արբանյակային ինտերնետ կապի ծառայությունների ներդրման գործընթացի մասին, որոնք 2025 թվականի մարտի 27-ից արդեն գործարկվել են Հայաստանում՝ ապահովելով հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ հասանելիություն երկրի ամբողջ տարածքում՝ ներառյալ հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերը։
Ներկայացվել են նաև Mistral AI», Amazon Web Services (AWS) և Firebird AI ընկերությունների հետ համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մասնավորապես, Firebird AI ընկերությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման ուղղությամբ։
Քննարկվել են նաև ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։

