ԲՏԱ նախարարի տեղակալը Փարիզում մասնակցել է OECD Eurasia Week 2026 համաժողովին
- Հրապարակվել է՝ 11/02/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը փետրվարի 2-5-ն աշխատանքային այցով գտնվել է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում՝ մասնակցելու OECD Eurasia Week 2026 համաժողովին։
Համաժողովը կազմակերպվել էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Unlocking Opportunities, Securing the Future խորագրի ներքո։ Միջոցառումը համախմբել էր ավելի քան 200 քաղաքական և մասնագիտական ներկայացուցիչների՝ քննարկելու տարածաշրջանային մրցունակության, ներդրումային քաղաքականությունների, թվային վերափոխման, կայուն զարգացման և տնտեսական դիմակայունության հարցեր։
Համաժողովի ընթացքում Ռուբեն Սիմոնյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում ՓՄՁ-ների թվային վերափոխման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները և «ՓՄՁ-ների թվայնացման ճանապարհային քարտեզը», որը մշակվել է OECD-ի և GIZ-ի հետ համագործակցությամբ։ Անդրադարձ է կատարվել ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանն ու միջազգային շուկաներ մուտքի հնարավորությունների ընդլայնմանը։
Սիմոնյանն իր խոսքում ընդգծել է նաև ինստիտուցիոնալ և կարգավորող դաշտի ամրապնդման, ինչպես նաև թվային և նորարարական կարողությունների զարգացման կարևորությունը՝ ներառյալ արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող նախաձեռնությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում՝ AWS-ի հետ համատեղ բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսների տրամադրման ծրագրին և NVIDIA-ի հետ արհեստական բանականության տվյալների կենտրոնի ստեղծման համատեղ նախագծին։ Նշվել է նաև «Ինժեներական քաղաքի» և «Ազնավուր» սուպերհամակարգչային կենտրոնի դերը՝ ՓՄՁ-ների համար առաջադեմ տեխնոլոգիաների հասանելիության ապահովման գործում, ինչպես նաև 2026 թվականին նախատեսվող լայնածավալ թվային հմտությունների զարգացման ծրագիրը։
Համաժողովի շրջանակում Ռուբեն Սիմոնյանը հանդիպումներ է ունեցել OECD ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաև զարգացման և ֆինանսական կազմակերպությունների մի շարք գործընկերների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման, կայուն ներդրումային քաղաքականությունների կատարելագործման և ՓՄՁ-ների թվային աջակցության ընդլայնման հարցեր։
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ OECD Eurasia Competitiveness Programme-ի շրջանակում համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։
Այցն իրականացվել է Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և GIZ-ի կողմից իրականացվող «Փոքր և միջին ձեռնարկությունների թվային փոխակերպումը Արևելյան գործընկերության երկրներում» (DT4SME) ծրագրի շրջանակում: