ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Supermicro ընկերության ներկայացուցիչներին
- Հրապարակվել է՝ 15/12/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Դեկտեմբերի 15-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Supermicro ընկերության գործարար զարգացման գծով փոխնախագահ Նենսի Լիի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկման առանցքում են եղել Supermicro ընկերության ներդրումային հնարավորությունները Հայաստանում, այդ թվում՝ գործունեության ընդլայնման հեռանկարները և երկրի տեխնոլոգիական միջավայրում ներդրումային ծրագրերի իրականացման ուղիները։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության գործարկման և կիրառման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև այդ ոլորտում ՀՀ կառավարության նախաձեռնություններին։
Ողջունելով պատվիրակությանը՝ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և ոլորտում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով Հայաստանի հետաքրքրվածությունը բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման և ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է ԱԲ կիրառման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին՝ ներկայացնելով դրանց շրջանակն ու զարգացման ռազմավարական մոտեցումները, ինչպես նաև Կառավարության կողմից արդեն իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Նախարարը ներկայացրել է նաև նոր ընդունված օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է յոթամյա պետական աջակցություն՝ նպատակ ունենալով խթանել նոր աշխատատեղերի ստեղծումը, կրթության ոլորտում ներդրումները և հետազոտությունների ու մշակումների (R&D) զարգացմանը նպաստող ծրագրերը։
Supermicro ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և ներդրումային քաղաքականությունը՝ անդրադառնալով արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաների կիրառման իրենց փորձին և այդ ոլորտում հնարավոր համագործակցությանը: Վերջիններս բարձր են գնահատել Հայաստանի ներուժը` տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու տեսանկյունից:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը կարևորել են քննարկումների շարունակականությունը և ընդգծել փոխադարձ հետաքրքրություն` համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։