ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Գերմանիայում կայացած AWS European Sovereign Cloud (ESC)-ի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը
- Հրապարակվել է՝ 18/01/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորությունների բաժին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Պոտսդամ քաղաքում մասնակցել է AWS European Sovereign Cloud (ESC) նախագծի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Միջոցառումը նվիրված էր Եվրոպական կարգավորումների համար նախատեսված «սուվերեն ամպային» ենթակառուցվածքի գործարկմանը։ AWS European Sovereign Cloud-ը լիարժեք գործառույթներով, անկախ կառավարվող «սուվերեն ամպային» լուծում է՝ ապահովված հուսալի տեխնիկական վերահսկողություններով, իրավական պաշտպանությամբ և ինքնիշխանության երաշխիքներով, ինչը համապատասխան է Եվրոհանձնաժողովի կարգավորումների բարձր պահանջներին։
Միջոցառմանը մասնակցել են պետական քաղաքականություն մշակողներ, կարգավորող մարմինների ներկայացուցիչներ, մեդիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ և գործընկերներ։
Պաշտոնական բացման ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության թվային վերափոխման և կառավարության արդիականացման դաշնային նախարար դոկտոր Կարստեն Վիլդբերգերը նշել է, որ կարևորում է ԵՄ-ում և, մասնավորապես, Գերմանիայում ամպային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության համապատասխանությունը եվրոպական պահանջներին։
Միջոցառման ընթացքում հնչել են նաև ողջույնի խոսքեր, որին հաջորդել են ելույթներ և fireside chat քննարկում՝ նվիրված Գերմանիայի թվային փոխակերպմանն ու կառավարության արդիականացմանը։ Անցկացվել են նաև պանելային քննարկումներ՝ պետական կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների և տեղեկատվական անվտանգության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Միջոցառման շրջանակում ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Պոտսդամ քաղաքի քաղաքապետի, ինչպես նաև Amazon Web Services ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ AWS-ի գլխավոր գործադիր տնօրեն Մեթ Գարմանի, փոխնախագահ Միքայել Պունկեի, ինչպես նաև AWS European Sovereign Cloud-ի կառավարիչ-տնօրեն Ստեֆան Իսրայելի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել գերմանական կողմի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` նորարարական և տեխնոլոգիական համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ։