Մխիթար Հայրապետյանն այցելել է ՀԱՊՀ՝ շնորհավորելու ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում հաջողության հասած ուսանողական թիմին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 22֊ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ շնորհավորելու ՀԱՊՀ և ԳՆԿԿ (CSIE) համագործակցության շրջանակներում ՀԱՊՀ-ի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ձևավորված ուսանողական թիմին «American Control Conference 2024» գիտաժողովի ընթացքում «Quanser» ընկերության կողմից կազմակերպված ինքնավար մեքենաների մրցույթում պատվավոր երրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար։
Իր այցի ընթացքում նախարար Հայրապետյանը հանդիպել է ՀԱՊՀ ուսանողական համակազմից թիմի անդամներ Աննա Բեկլարյանի, Լուսինե Բարսեղյանի և Վահագն Մակարյանի հետ, որոնք ցույց են տվել իրենց նախագծի նորարարությունը և ներկայացրել այն ջանքերը, որոնք հանգեցրել են հաջողության: Ուսանողական թիմը գլխավորող գիտաշխատող Աստղիկ Հակոբյանն իր հերթին պատմել է միջոցառմանը ունեցած իրենց փորձից, ներկայացրել թիմի մարտահրավերները և հաջողության մանրամասները: Քննարկվել են միջազգային նմանատիպ միջոցառումներին Հայաստանի ներկայության ամրապնդման համար ապագա համագործակցության հնարավոր ուղղությունները, կարևորվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում տաղանդների ներգրավումը:
Նախարար Հայրապետյանն երախտագիտություն է հայտնել թիմի նվիրվածության և Հայաստանում տեխնոլոգների ու նորարարների ապագա սերունդներին ոգեշնչելու գործում նրանց դերի համար: Նա վերահաստատել է կառավարության հանձնառությունը՝ աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններին, նորարարություններին և ակադեմիական գերազանցությանը նպաստող նախաձեռնություններին:
Հանդիպմանը ներկա էին ՀԱՊՀ գիտության գծով պրոռեկտոր, ֆ-մ.գ.դ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը, ՀԱՊՀ միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր, տ.գ.թ. դոցենտ Սարգիս Ասատրյանցը, ՀԱՊՀ մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր, ֆ-մ.գ.թ. դոցենտ Էլբակ Էլբակյանը, Իլինոյսի համալսարանի մեխանիկայի և մեքենաշինության ամբիոնի պրոֆեսոր, թռչող սաքերի AVIATE կենտրոնի տնօրեն և ԳՆՆԿ գիտական խորհրդատու Նաիրա Հովակիմյանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջուկային գիտությունների և ճարտարագիտության պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը, ԳՆԿԿ տնօրեն Րաֆֆի Պաղճեանը, գիտաշխատող Աստղիկ Հակոբյանը, ինչպես նաև ակադեմիական շրջանակների և գիտական հետազոտությունների ներկայացուցիչներ:
Մրցույթին մասնակցել են աշխարհի առաջատար համալսարանները ներկայացնող 39 թիմեր, որոնցից միայն 11-ն են հաղթահարել առաջին փուլը և ներկայացել Կանադայում։ Չնայած բարդություններին՝ հայկական թիմը կարողացել է հենց առաջին փուլից հայտնվել լավագույն եռյակում և հնչեցնել Հայաստանի օրհներգը նման պատվավոր գիտաժողովի ընթացքում։
Մրցույթի ընթացքում ուսանողները ուսումնասիրել են ավտոմատ կառավարման առաջատար մեթոդներ և կիրառել համակարգչային տեսողության ալգորիթմներ՝ լուծելով իրենց առջև դրված խնդիրները։ Առաջին փուլի ընթացքում մշակված ալգորիթմները ներդրվել են «Quanser» ընկերության «QLab» վիրտուալ միջավայրում՝ «QCar» վիրտուալ ռոբոտի վրա և գրանցել են առաջադրված երթուղու վազանցը 31 վայրկյանի ընթացքում։ Այնուհետև արդեն Կանադայում երկրորդ փուլի ընթացքում նույն ալգորիթմը կիրառվել է իրական ռոբոտի վրա։ Երթուղով անցնելիս ռոբոտի վրա կիրառված ալգորիթմն ամբողջովին ավտոնոմ կերպով պահպանել է երթևեկության բոլոր կանոնները՝ մնալով երթևեկելի գոտում։