Ապահով թվային տարածք ստեղծելը միասնական ջանքեր է պահանջում. Գևորգ Մանթաշյանը ելույթ է ունեցել երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում անցկացվող նիստում
Երևանում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 1-ն անցկացվում է երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովը, որի շրջանակում կկայանա նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը համաժողովի շրջանակում անցկացվող «Թվայնացումը պետք չէ կանգնեցնել. որտեղ ենք ստորակետ դնում» թեմայով նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, կարևորել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տիրույթում այնպիսի արդիական և կարևոր թեմաների քննարկումը, ինչպիսիք են թվայնացումը, կիբեռանվտանգությունը և ոչ միայն։
Գևորգ Մանթաշյանը նշել է, որ արագ զարգացող թվային դարաշրջանում մեր տարածաշրջանը կանգնած է ճամփաբաժանին, և այս համաժողովի շրջանակներում կայացրած որոշումները կարող են սահմանել միլիոնավոր մարդկանց ապագան Եվրասիական տարածաշրջանում։
Նախարարի առաջին տեղակալն իր ելույթում անդրադարձել է թվային ինքնիշխանությանը, բայց և նշել թվայնացման ընդհանուր գործընթացների ընձեռած հնարավորությունները՝ տնտեսական աճի, արտադրողականության բարձրացման, մրցունակության բարձրացման, հանրային ծառայությունների որակի բարձրացման և կյանքի որակի բարելավման համատեքստում: Սակայն, չնայած այս ամենին, նշվել է, որ թվային տեխնոլոգիաները նաև մարտահրավերներ են ներառում՝ հատկապես կիբեռհարձակումներով, ապատեղեկատվության տարածմամբ, որոնց առնչվում են ԵԱՏՄ անդամ պետությունները, և որոնց դիմակայելը, ապահով թվային տարածք ստեղծելը, միասնական ջանքեր է պահանջում։
Անդրադարձ է եղել բնակչության թվային գրագիտության և հմտությունների զարգացման կարևորությանը, թվային տեխնոլոգիաների կիրառությանը կենցաղում, տնտեսության տարբեր ոլորտներում։
Քննարկմանը մասնակցել են նաև Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության փոխնախարար Ասխաթ Օրազբեկը, Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման նախարարի առաջին տեղակալ Ժումամուդուն Ժումալիևը, Ռուսաստանի ներկայացուցիչը՝ հեռավար։
Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի գլխավոր թեման է «ԵԱՏՄ 10 տարին. հեռանկարներն ու գերակայությունները»։ Համաժողովը համընկնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի հետ և նախատեսում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, երրորդ երկրների կառավարությունների անդամների, խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն: