«Ժամանակակից Հայաստանի հեռանկարներ. տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ». Նախարարը ներկայացրել է վերջին ամիսների նախարարության ձեռքբերումները, զարգացման հեռանկարները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 19-ին մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված «Ժամանակակից Հայաստանի հեռանկարներ. տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը:
Քննարկման սկզբում Մխիթար Հայրապետյանը հակիրճ ներկայացրել է վերջին մի քանի ամիսների ընթացքում նախարարության ձեռքբերումները, ցուցանիշները, մասնավորապես անդրադարձել է բարձր տեխնոլոգիական ոլորտը խթանող օրենսդրական նախաձեռնություններին:
Նախարարն առանձնակի ընդգծել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որը հանդիսանալու է, ըստ էության, ոլորտի մայր օրենքը, անդրադարձել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարությանը և նշել, որ 2025 թվականի 1-ին կիսամյակին նախնական տարբերակն արդեն կներկայացվի Կառավարության հաստատմանը: Ներկայացրել է նաև «Կիբեռնավտանգության մասին» օրենքի նախագիծը, որը առաջիկայում եթե ստանա Կառավարության դրական եզրակացությունը, տարեվերջին կքննարկվի Ազգային Ժողովում:
Խոսելով ռազմարդյունաբերության ոլորտում բարեփոխումների և զարգացման մասին՝ մատնանշել է քաղաքականությունների մշակման, միջավայրաստեղծ աշխատանքների կարևորությունը՝ նոր օրենքների փաթեթների մշակման համատեքստում:
Ամփոփ անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտի բարեփոխումներին՝ Մխիթար Հայրապետյանն առաձնացրել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագիծը, որին Կառավարությունն արդեն դրական եզրակցություն է տվել և շուտով կներկայացվի Աժ-ում, ինչպես նաև մատնանշել է վերջերս հաստատված Կառավարության շահույթի առավելագույն սահմանաչափ չկիրառելու մասին համապատասխան որոշումը, որով առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն, նոր ներդրումներ կխրախուսվեն ռազմարդյունաբերության ոլորտի հետագա զարգացման համար:
Անդրադառնալով սփյուռքի ակտիվ ներգրավվածությանը տնտեսության տարբեր ճյուղերում և մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում, նախարարը նշել է, որ սփյուռքի մեր հայրենակիցները գործուն մասնակցություն ունեն գրեթե բոլոր ոլորտներում՝ առանձնանալով իրենց տեխնոլոգիական լուծումներով և նորարար մտքով:
Պանելային քննարկման բանախոսներն էին նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը կազմակերպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որին մասնակցում է 1000 հյուր 60 երկրից՝ նպատակ ունենալով ապահովել սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի օրակարգային հարցերում, ինչպես նաև ծառայել որպես ռազմավարական քննարկումների, համերաշխության, փոխըմբռնման և լուծումների կամուրջ: