Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Կայացել է ընտրական գործընթացների կիբեռանվտանգությանն ու հիբրիդային սպառնալիքների դիմակայմանը նվիրված սցենարային վարժանք

«Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում ապրիլի 28-ին անցկացվել է սցենարային վարժանք (tabletop exercise)՝ նվիրված ընտրական գործընթացների կիբեռանվտանգությանը և հիբրիդային սպառնալիքների դիմակայմանը։ Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտային փորձագետներ: 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է,որ կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռանվտանգությանը զուգահեռ՝ առանձնակի կարևորություն ունի նաև ընտրական գործընթացների տեղեկատվական պաշտպանվածության ապահովումը:

«Ընտրական գործընթացները ազգային անվտանգության առանցքային բաղադրիչ են հանդիսանում։ Եթե քաղաքացիները կասկածում են, որ իրենց ընտրությունը կարող է մանիպուլացվել, ապա վստահությունը պետության ու անվտանգային համակարգի նկատմամբ խարխլվում է։ Ուստի, ընտրական գործընթացների կիբեռպաշտպանությունը նաև անկախության և ինքնիշխանության պաշտպանության հարց է»,- նշել է Ռուբեն Սիմոնյանը։

Նա հավելել է, որ այս գործընթացը բազմաշերտ է՝ անձնական տվյալների պաշտպանությունից մինչև դիմակայություն արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ բովանդակությանը (deepfakes)։

Մասնակիցներին ողջունել է նաև Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը:

«Այս վարժանքը ցույց է տալիս, որ հիբրիդ սպառնալիքները սկսվում են փոքր տեխնիկական ազդակներից, բայց արագ վերածվում են հանրային ընկալումների ճգնաժամի։ Նույն միջադեպը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, իսկ եթե պաշտոնական արձագանքը ուշանում է, տեղեկատվական դաշտը արագ լցվում է այլընտրանքային նարատիվներով։ Այդ պատճառով կարևոր է, որ տեխնիկական և հաղորդակցական արձագանքները լինեն համակարգված»,-նշել է Ներսես Երիցյանը:  

Մասնակիցներին ողջունել են նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հեննիգը և Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար Յոսիպ Յուրիչը։

Պաշտոնյաները կարևորել են ընտրական գործընթացների պաշտպանվածության բարձրացումը՝ ընդգծելով կիբեռանվտանգության ապահովման գործընթացներում միջգերատեսչական փոխգործակցության առանցքային դերը։ Նշվել է, որ նման ձևաչափով վարժանքները նպաստում են պետական համակարգի դիմակայունության ամրապնդմանն ու հնարավոր ռիսկերի կանխատեսմանն ու արձագանքմանը։ 

Միջոցառման շրջանակում անցկացված սցենարային վարժանքը բաղկացած էր մի քանի փուլից՝ կիբեռմիջադեպերի հայտնաբերումից ու նախնական արձագանքից մինչև ճգնաժամային համակարգում և ռազմավարական որոշումների կայացում։ 

Վարժանքն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏԳՀ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՏՀԳ-ի համաֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ

Նմանատիպ գրառումներ