ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է նախագծերի կառավարման միջազգային լավագույն փորձի կիրառումը պետական համակարգում
- Հրապարակվել է՝ 19/12/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է PMI Armenia Chapter-ի կողմից կազմակերպված Project Management Conference & Awards 2025-ին և միջոցառման շրջանակներում անցկացված պանելային քննարկմանն իր տեսակետը ներկայացրել պետական համակարգում նախագծերի կառավարման վերաբերյալ։
Ռուբեն Սիմոնյանը կարևորել է նախագծերի կառավարման միջազգային լավագույն փորձի կիրառումը պետական համակարգում՝ ընդգծելով, որ հատկապես լայնածավալ նախագծերի դեպքում նախնական պլանավորումը պետք է լինի առավել հստակ, վերահսկելի և կառավարվող։ Նրա խոսքով՝ պետական համակարգում բազմաբնույթ և բարդ գործոնների առկայությունը կառավարությունից պահանջում է ռիսկերի և ակնկալվող օգուտների համակողմանի գնահատում, քանի որ նախագծերի հաջողությունը մեծապես կախված է կառավարման ընդհանուր մոտեցումից։
Անդրադառնալով թվայնացման կարևորությանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ այն ժամանակակից կառավարման առանցքային ուղղություններից է, որը միաժամանակ ուղեկցվում է մի շարք մարտահրավերներով։ Նա կարևորել է այդ մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ նոր գործիքների ներդրման, անհրաժեշտ ներդրումների, ճկուն ու արդյունավետ թվային միջավայրի ձևավորման միջոցով։
Ռուբեն Սիմոնյանն անդրադարձել է նաև կիբեռանվտանգության ոլորտում տարվող աշխատանքներին՝ ընդգծելով միասնական, անվտանգ և վստահելի թվային միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը։ Ըստ նախարարի տեղակալի՝ թվայնացումը պետք է դիտարկել ոչ միայն որպես տեխնոլոգիական փոփոխություն, այլ որպես կառավարման նոր մշակույթ, որի արդյունավետությունը պայմանավորված է պետական և մասնավոր հատվածների սերտ ու հետևողական համագործակցությամբ։
Project Management Conference & Awards 2025-ը նշանավորվել է նաև Project Management Institute (PMI) համաշխարհային կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Պիեռ Լը Մանի (Pierre Le Manh) պաշտոնական այցով Հայաստան։
Իր ելույթում Պիեր Լը Մանը կարևորել է նախագծերի կառավարման դերը ժամանակակից աշխարհում՝ որպես տնտեսական աճի, նորարարության, կայուն զարգացման և հանրային արժեք ստեղծելու հիմնական գործիք։
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն. լավագուն նախագծերի հեղինակները պարգևատրվել են։