Շարունակվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ներուժ 6.0»՝ սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագրի հայտերի ընդունումը
- Հրապարակվել է՝ 05/05/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

Հարգելի՛ հայրենակից,
Շարունակվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ներուժ 6.0»՝ սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագրի հայտերի ընդունումը:
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը, համահայկական ներուժի և կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:
Սփյուռքից շուրջ 40 թիմ կհրավիրվի Հայաստան՝ մասնակցելու 6-օրյա միջոցառումներին, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, օգտվելու համագործակցությունների և անհատական մենթորության հնարավորություններից:
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի ինտենսիվ աքսելերացիոն ծրագիր միջազգային հեղինակավոր աքսելերատորի կողմից:
Միջոցառումները կներառեն սեմինարներ, պատկերավոր ներկայացման նիստեր (pitch sessions), ցանցային հնարավորություններ (networking opportunities), որոնք ուղղված կլինեն ներկայացված ստարտափի զարգացմանը:
Ծրագրին կարող են դիմել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող
- այն սփյուռքահայերը, որոնք առնվազն 5 տարի և ավելի բնակվում են սփյուռքում և ունեն բնակության երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ,
- այն թիմերը, որոնց անդամների առնվազն կեսը սփյուռքահայեր են, ովքեր առնվազն 5 տարի և ավելի ապրում են սփյուռքում, ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ,
- այն հայրենադարձները, որոնք 5 տարի և ավելի ապրել են սփյուռքում և հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում:
Ծրագրի աշխատանքային լեզուներն են հայերենն ու անգլերենը (կապահովվի համաժամանակյա թարգմանություն նաև ռուսալեզու մասնակիցների համար):
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել https://neruzh.am/hy/, հայտադիմում ներկայացնելու համար[1]՝ https://gust.com/programs/neruzh-6-0-diaspora-tech-startup-program հղումներով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. մայիսի 30-ը:
Յուրաքանչյուր ստարտափից ծրագրին մասնակցելու հնարավորություն կունենա 2 ներկայացուցիչ, որոնց Հայաստան ժամանման և մեկնման ավիատոմսի, տեղափոխման, կեցության և սննդի ծախսերը կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Ծրագիրը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 22-27-ը:
Հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել neruzh@hti.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել +374 41 08 05 98 (WhatsApp, Telegram) հեռախոսահամարով։
[1] Հայտադիմումների հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներին հասանելիություն ունենալու համար խնդրում ենք կատարել հետևյալ քայլերը՝ նշված հղումով անցնելուց հետո սեղմեք ՛՛Apply by May 30՛՛ կոճակը, կազմակերպության անվանումը գրեք անգլերենով, որից հետո հայտադիմումի լրացումը շարունակելու հնարավորություն կունենաք Ձեր նախընտրած լեզվով: