Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 20-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները. նախարար Հայրապետյանը հանձնել է հաղթողի մրցանակը
- Հրապարակվել է՝ 18/11/2025
Նոյեմբերի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն Ինժեներական քաղաքում մասնակցել է Միկրոէլեկտրոնիկայի 20-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը։
Նախարարը շնորհավորել է մասնակիցներին և կազմակերպիչներին օլիմպիադայի 20-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այս մրցույթը երկու տասնամյակ շարունակ վկայությունն է այն բանի, որ Հայաստանը ոչ միայն մասնակցում է, այլև ձևավորում է համաշխարհային տեխնոլոգիական օրակարգը։
«Օլիմպիադան ձևավորում է միջազգային համագործակցության արժեքավոր միջավայր և զգալի ազդեցություն ունի ոլորտի զարգացման վրա: Հայաստանը դարձել է հարթակ, որտեղ տարբեր մայրցամաքներից հավաքված ամենատաղանդավոր երիտասարդ մասնագետները մրցում են գիտելիքով, գաղափարներով ու նորարարությամբ։ Սա հենց այն միջավայրն է, որտեղ ծնվում են ապագայի ինժեներները, գիտնականներն ու առաջնորդները»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ օլիմպիադայում գրանցած հաջողությունները պարզապես մրցույթի արդյունքներ չեն․ դրանք ներդրում են միկրոէլեկտրոնիկայի զարգացման, նոր գիտելիքների և աշխարհը փոխող տեխնոլոգիաների ստեղծման մեջ։
Միջազգային օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։ Առաջին փուլն անցկացվել է միաժամանակ 20 երկրում՝ ներառելով 1088 ուսանող: Նրանցից 34-ը, այդ թվում՝ 14 հայ մասնակից, անցել են եզրափակիչ փուլ։
Այս տարի Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի առաջին մրցանակը ստացել է ԱՄԷ ներկայացուցիչ Ալի Ռամեզանին, որը հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Երկրորդ մրցանակի դափնեկիրներ են ճանաչվել Հայկուշ Պետրոսյանը (Հայաստան) և Մոհամմադ Հասսան Ամոլին (Իրան), իսկ երրորդ մրցանակին են արժանացել Յուրի Տոմաշչյուկը (Ռուսաստան) և Ռաջեշկումառ Ռաջինթանը (Շրի Լանկա)։
Միջոցառման շրջանակում «Լավագույն արդյունք Հայաստանից» մրցանակը շնորհվել է Հարություն Կարապետյանին։
Օլիմպիադան ընդգրկել է ոլորտի առանցքային ուղղությունները՝ թվային և անալոգային ինտեգրալ սխեմաների նախագծում, թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիաներ, ինչպես նաև նախագծման ավտոմատացված միջավայրեր։
Հիշեցնենք, որ օլիմպիադայի առաջին փուլն անցկացվել է Հայաստանում, ԱՄՆ-ում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բրազիլիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Էկվադորում, Հնդկաստանում, Իսրայելում, Իտալիայում, Իրանում, Լեհաստանում, Լիբանանում, Հորդանանում, Շրի Լանկայում, Պորտուգալիայում, Պերուում, Ռուսաստանում, Վիետնամում և Ֆրանսիայում։









