Տեխնոլոգիական կրթություն մարզերում․ Կոտայքում «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցները ստացել են ավարտական վկայականներ
- Հրապարակվել է՝ 18/09/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

Սեպտեմբերի 18-ին Աբովյան քաղաքում տեղի է ունեցել տեխնոլոգիական անվճար դասընթացների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Դասընթացները կազմակերպվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակում։ Դասընթացներն անցկացվել են Business Development Group ուսումնական կենտրոնի կողմից:
Կոտայքի մարզում դասընթացներին մասնակցել է 110 հոգի․ Աբովյանում ձևավորվել է 4 խումբ, իսկ Կոտայք գյուղում՝ 1 խումբ։
ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիրբարյանը, շնորհավորելով մասնակիցներին, ընդգծել է, որ նախարարության համար կարևոր է տեխնոլոգիական կրթությունը մարզերում հասանելի դարձնելը՝ հնարավորություն տալով երիտասարդներին կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Ենգիբարյանի խոսքով` այս ծրագիրը տալիս է նոր գիտելիքներ կիբեռանվտանգության, ծրագրավորման ուղղությունների, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների և արդի տեխնոլոգիաների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև տեխնոլոգիական խաղ, որտեղ մասնակիցներն իրենց գիտելիքներով մրցել են միմյանց հետ: Հաղթողներն արժանացել են խրախուսական մրցանակների։
Հիշեցնենք, որ այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։
Ծրագրի նպատակն է բարձրացնել մարզերի բնակչության տեխնոլոգիական գիտելիքներն ու հմտությունները, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի և մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում։