«Երեխաների անվտանգությունը մեր համատեղ պատասխանատվությունն է». հանդիպում-քննարկում՝ նվիրված թվային միջավայրի ռիսկերին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ), Հայաստանի օպերատորների միության, Հեռահաղորդակցության միջազգային միության և «For Ladies Club»-ի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում-քննարկում՝ «Երեխաների անվտանգությունը մեր համատեղ պատասխանատվությունն է» թեմայով։
Միջոցառումն անցկացվել է կանանց միամսյակի շրջանակում՝ կարևորելով կնոջ և հատկապես մայրերի դերակատարությունը երեխաների կրթության, դաստիարակության և թվային միջավայրում նրանց անվտանգության ապահովման գործում։ Հանդիպմանը մասնակցում էին մանկավարժներ, մայրիկներ և ոլորտով հետաքրքրված այլ մասնակիցներ, որոնք հնարավորություն ունեցան քննարկելու երեխաների առցանց անվտանգության արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանը։ Նա ներկայացրել է նախարարության կողմից երեխաների առցանց պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև այդ գործընթացներում հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել «For Ladies Club»-ի համահիմնադիր Մարիամ Մարտիրոսյանը՝ կարևորելով նման քննարկումների անցկացումը և ընդգծելով, որ երեխաների անվտանգությունը թվային միջավայրում պահանջում է ինչպես մասնագետների, այնպես էլ ծնողների ակտիվ ներգրավվածություն և համագործակցություն։
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության Ռազմավարական հաղորդակցման բաժնի ղեկավար Հայկանուշ Բագրատունյանը, կարողությունների զարգացման պատասխանատու Անժելա Գալստյանը և կրտսեր վերլուծաբան Կարապետ Տաշյանը հանդես են եկել ողջույնի խոսքով և ներկայացրել ոլորտին առնչվող թեմաներ՝ անդրադառնալով կիբեռանվտանգությանը, ֆիշինգին և առցանց ռիսկերին վերաբերող այլ հարցերին։ Ներկայացվել են կիբեռանվտանգության արդի մարտահրավերները, տվյալների պաշտպանության մշակույթը, արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ռիսկերի և վտանգների կանխարգելումը։ Միաժամանակ շեշտադրվել է ԱԲ կարևորությունը ժամանակակից աշխարհում, մասնավորապես՝ կրթական ոլորտում դրա արդյունավետ կիրառման համատեքստում: Առանձնակի անդրադարձ է կատարվել դիփֆեյքերի (deepfake) ազդեցությանը և ապատեղեկատվությունից պաշտպանվելու հասանելի գործիքներին։
Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ներկայացնելով նաև Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցության շրջանակում իրականացվող նախաձեռնությունները, խոսել է ծնողների դերի մասին երեխաների առցանց անվտանգության ապահովման գործընթացում՝ ընդգծելով ընտանիքի և հատկապես ծնողների ներգրավվածության կարևորությունը։
Հանդիպումը բաց քննարկման հարթակ էր, որտեղ մայրիկներն ու մասնագետները կիսվել են իրենց փորձով, մտահոգություններով և առաջարկներով՝ ուղղված երեխաների համար անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը՝ կարևորելով նման նախաձեռնությունների շարունակական բնույթը, որը նպաստում է հասարակության տարբեր խմբերի իրազեկվածության բարձրացմանը և երեխաների առցանց անվտանգության ամրապնդմանը։






