«Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում ԲՏԱՆ անցկացնում է եռօրյա Հաքաթոն՝ խրախուսելով նորարարական մտքերն ու լուծումները
Ծաղկաձորում դեկտեմբերի 19-ին մեկնարկել է «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում անցկացվող «Հաքաթոն»-ը, որի նպատակն է ամրապնդել կապերը բուհերի և ուսանողների հետ, ուղղորդել նրանց տեխնոլոգիական ոլորտ, ստեղծել մրցակցային դաշտ և խրախուսել նորարարական մտքերն ու լուծումները:
Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Իր խոսքում նա անդրադարձել է միջոցառման նպատակին ու կարևորությանը, շնորհավորվել մասնակիցներին ամփոփիչ փուլ անցնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն, արդար մրցակցություն և որ ունեցած գիտելիքներն ու կարողությունները նպաստեն նրանց հաղթանակին։
Ներկաներին ողջունել և ելույթով հանդես են եկել նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար, մենթոր Սեդրակ Վարդանյանը, Ժյուրիի անդամ , «Ինժեներական քաղաքի» կրթական ծրագրերի ղեկավար Անդրանիկ Աղաջանյանը։
Հաջորդիվ ներկայացվել է ծրագրի մանրամասները և եռօրյա միջոցառման օրակարգը:
«Գործնական հմտությունների կատարելագործում» հաքաթոնին մասնակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստացել էր 60 հավաքական հայտ՝ 300 մասնակցով, որոնցից ընտրվել է լավագույն 22 խումբը՝ 110 մասնակցով։ Նրանք հայաստանյան հետևյալ 11 բուհերից են՝ Երևանի պետական համալսարան, Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, Գորիսի պետական համալսարան։
Միջոցառման առաջին մասում բիզնեսի ներկայացուցիչները տեխնոլոգիական ոլորտին առնչվող բազմաբնույթ խնդիրներ կառաջադրեն թիմերին և նրանք կմրցեն դրանց լուծման իրենց տարբերակներով: Երկրորդ մասում կկազմակերպվեն ֆորումներ, որոնց ընթացքում կիրականացվեն քննարկումներ նախարարության, բիզնեսի, ստարտափների, ուսանողների, գիտական և կրթական կազմակերպությունների մասնակցությամբ: Ֆորումներում մասնակիցները հնարավորություն կունենան նաև կիսվել իրենց փորձով, ներկայացնել նոր առաջարկներ:
Հաքաթոնի 3 օրերի ընթացքում անցկացվող քննարկումները կներառեն հետևյալ թեմաները՝ «Հավասար հնարավորություններ և մատչելիություն», որի ընթացքում պետք է մշակել լուծումներ՝ բարելավելու հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիությունը հանրային վայրերում և թվային հարթակներում, «Agritech»՝ լուծումներ՝ գյուղատնտեսության արտադրողականությունը բարելավելու համար, ինչպիսիք են խելացի գյուղատնտեսական համակարգերը կամ մոնիտորինգի գործիքները և «IoT» (Իրերի ինտերնետ)՝ ստեղծել IoT ծրագրեր և հավելվածներ խելացի տների, քաղաքների կամ այլ ոլորտների համար:
Հաղթող թիմերը կստանան դրամական մրցանակներ՝ 1-ին տեղի համար՝ 2.5 մլն. դրամ, 2-րդ տեղի համար՝ 1.5 մլն. դրամ, 3-րդ տեղի համար՝ 1 մլն. դրամ: