Քննարկվել են պետական ծառայությունների արդիականացման և արդյունավետության հետ կապված հարցեր․ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
- Հրապարակվել է՝ 07/11/2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նոյեմբերի 6-ին ընդունել է Համաշխարհային բանկի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Կառավարման (Governance-ի) ղեկավար Արման Վաթյանին և «GovTech Global» ծրագրի ղեկավար Խուրամ Ֆարուկին ՝ քննարկելու Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» շրջանակներում ներառված գործողություններն ու հնարավորությունները:
Հանդիպմանը քննարկվել են «ՊՀԱԾ4» ծրագրի՝ նախորդ առաքելության ընթացքում իրականացման համընդհանուր առաջընթացը, գործողությունների կարգավիճակը, տարբեր ոլորտներում ձեռք բերված հաջողություններն ու ակնկալիքները:
Կողմերն անդրադարձել են նաև քաղաքացիական ծառայության, հարկային վարչարարության համակարգերի արդիականացման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող թվային ծառայությունների ընդլայնման, կիբեռանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմների և ընտրված էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով պետական կառավարման համակարգի արդիականացման հետ կապված սպասվող այլ բարեփոխումներին և հարցերին, որոնք նպաստելու են քաղաքացիների համար ընտրված պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման և հասանելիության բարելավմանը։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա անելիքների ուղղությունների և համագործակցության շուրջ՝ ծրագրի իրականացման հաջող ընթացքն ապահովելու նպատակով: