Քննարկում՝ ներմուծման և արտահանման ընթացակարգերի վերաբերյալ ոլորտային միությունների և պետական կառույցների ներկայացուցիչների միջև
- Հրապարակվել է՝ 28/08/2025

Օգոստոսի 28-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների կողմից ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցման շուրջ։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը, ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը, ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ՝ ի դեմս ԱՏՁՄ-ի, ՏՀՏ Գործատուների միության, Ինժեներական ասոցացիայի։
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Իր խոսքում նա անդրադարձ է կատարել ներմուծման և արտահանման ընթացիկ իրավիճակին՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակն է բացահայտել առկա խնդիրները և քննարկման միջոցով գտնել դրանց պարզեցման հնարավոր ուղիները:
«Չնայած պարբերաբար աշխատանքներ են տարվում այս գործընթացների հնարավոր դյուրացման ուղղությամբ, այնուամենայնիվ անհրաժեշտ է շարունակել պետական հատվածի և մասնավոր ընկերությունների միջև համագործակցությունը՝ բացահայտելու առկա խնդիրները և մշակելու համատեղ ընդունելի լուծումներ»,- նշել է Ռուբեն Սիմոնյանը։
Քննարկման ընթացքում տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչները թեմայի շուրջ ներկայացրին իրենց դիտարկումները և առաջարկները, իսկ պետական կառույցների ներկայացուցիչները խոսեցին հնարավոր լուծումների և դրանց իրականացման գործընթացների մասին։ Հատուկ ուշադրություն դարձվեց ոչ երկակի նշանակության ապրանքների արտահանման ընթացակարգերի պարզեցմանը, ներկայացվեցին ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ լուծումների տարբերակներ։ Ամփոփելով քննարկումը՝ կողմերը կարևորեցին նման հանդիպումների փոխադարձ արդյունավետությունը և պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ քննարկումները նույն ձևաչափով շարունակելու ուղղությամբ: