Մեկնարկել է «Դիջիթեք 2025»-ին ԲՏԱ նախարարության տաղավարում ներկայանալու հայտերի ընդունումը
- Հրապարակվել է՝ 19/09/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկում է հոկտեմբերի 10-12-ը կայանալիք DigiTec2025 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին նախարարության տաղավարում ներկայանալու մրցույթի հայտերի ընդունումը:
ԲՏԱ նախարարությունը ցուցահանդեսում հանդես կգա տաղավարով՝ ներկայացնելով իր ծրագրերն ու նախաձեռնությունները և հարթակ ստեղծելով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ու ոլորտային կազմակերպությունների մասնակցության համար:
Մրցութային փուլն անցած կազմակերպությունները հնարավորություն են ունենալու նախարարության տաղավարում անցկացնել ստարտափ ներկայացում (Pitching session):
Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչ սեպտեմբերի 25-ը ներառյալ հետևյալ հղումով՝ https://hightech.gov.am/hy/digitec-2025:
Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, տաղավարի կառուցապատման ծախսերը։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-01-62 հեռախոսահամարով:
DigiTec2025-ը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում։ Ցուցահանդեսը համարվում է Հայաստանում տեխնոլոգիական ամենամասշտաբային միջոցառումներից մեկը:
Նշելով իր 20-ամյակը՝ «ԴիջիԹեքը» շարունակում է մնալ տարածաշրջանի ամենամեծ և ամենաազդեցիկ տեխնոլոգիական և նորարարական ցուցահանդեսը՝ տարեկան գրավելով մինչև 40,000 այցելուի, ավելի քան 300 մասնակից ընկերությունների և 100-ից ավելի խոսնակների Հայաստանից և արտերկրից։