Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է Invest.ai թեմայով պանելային քննարկմանը
- Հրապարակվել է՝ 15/11/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
«Silicon Mountains 2024»-ի շրջանակներում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Invest.ai թեմայով պանելային քննարկմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։
Խոսելով արհեստական բանականության կողմից (AI) մարդկության առջև ծառացած մարտահրավերներից և թե ինչքանով է հասարակությունը պատրաստ դիմագրավելու դրանց, նախարարի տեղակալը կարևորել է այն ներդրումները, որոնք կատարվում են այդ ոլորտում որակյալ կադրեր ունենալու գործում։
Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանն ունի որակյալ աշխատանքային պոտենցիալ, տաղանդավոր մասնագետներ՝ ճարտարագետներ, մաթեմատիկոսներ, տվյալագետներ, որոնք կարող են իրենց գործունեությամբ ու աշխատանքով դիմագրավել AI մարտահրավերներին։ Այդ ճանապարհին կարևոր է նաև հարուստ ստարտափ միջավայրի առկայությունը, ինչպես նաև միջազգաին կազմակերպությունների ներկայությունը Հայաստանում։ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է, որ բազմաթիվ միջազգային կազմակեպություններ կան արդեն մեր երկրում, որոնք իրենց տեխնոլոգիաները հիմնում են AI -ի վրա։
Նախարարի տեղակալը խոսել է նաև այս ուղղությամբ պետական նախաձեռնություների կարևորության մասին։
«Մենք ներդրումներ ենք կատարում, նոր ծրագրեր ենք առաջարկում ՝ գրավիչ միջավայր ստեղծելու նպատակով սկսնակ ընկերությունների համար։ Նոր աշխատողներ բերում ոլորտ համալսարաններից, կրթում նրանց, զարգացնում, միաժամանակ նաև ինքնավարություն տալիս մասնավոր ոլորտին՝ առաջարկելով նրանց սովորել այն, ինչ ցանկանում են կամ կարևոր են համարում իրենց գործունեությունն ընդլայնելու և առաջընթաց գրանցելու համար»,- ասել է Ռուբեն Սիմոնյանը, անդրադարձ կատարելով նաև որակյալ և ժամանակի հետ արագ զարգացող ենթակառուցվածքներ ունենալու անհրաժեշտությանը։
Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Open Compute Project (OCP) հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ճափարյանը և EBRD-ի գլխավոր մենեջեր Զառա Օհանյանը։