Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մեկնարկել է ITU միջազգային կիբեռզորավարժություն 2025-ը՝ ուղղված ազգային կիբեռանվտանգության ամրապնդմանը

Հոկտեմբերի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «ԿիբեռԱմիս 2025»-ի շրջանակում անցկացվող ITU միջազգային կիբեռզորավարժություն 2025 միջոցառման բացման արարողությունը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ կիբեռանվտանգությունն այսօր դարձել է ազգային անվտանգության, հանրային վստահության և թվային կառավարման հիմնաքարը։

«Կիբեռանվտանգության ոլորտում արդյունավետ քաղաքականությունների ներդրումն օրեցօր ավելի կարևոր է՝ հաշվի առնելով գլոբալ մակարդակով զարգացող և ընդլայնվող կիբեռսպառնալիքները։ Սա պահանջում է հստակ և նպատակային քայլեր, որոնք Կառավարությունը ձեռնարկում է՝ համագործակցելով մասնավոր հատվածի, ոլորտային մասնագետների և միջազգային գործընկերների հետ»,- ասել է նա։

Իր խոսքում նախարարը ներկայացրել է Կառավարության նախաձեռնած ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումները, որոնք ուղղված են պետական և մասնավոր կառույցների միջև հստակ համակարգված պատասխանատվության, անվտանգության միասնական ստանդարտների և արձագանքման մեխանիզմների ձևավորմանը՝ ապահովելով կիբեռանվտանգության արդյունավետ և համակարգված կառավարում։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը ձգտում է լինել բաց և գործընկերային համակարգի մաս, որտեղ տեղեկատվության փոխանակումը, սպառնալիքների գնահատումը և համատեղ արձագանքման վարժանքները նպաստում են համընդհանուր դիմակայունությանը։ Ամփոփելով ելույթը՝ նախարար Հայրապետյանը կարևորել է միջազգային գործընկերների, մասնավորապես, ITU-ի և տարածաշրջանային կառույցների հետ համագործակցությունը` կիբեռանվտանգության պատրաստվածության և արձագանքման կարողությունների կատարելագործման տեսանկյունից:

ITU միջազգային կիբեռզորավարժություն 2025-ն ազգային իրազեկման և կարողությունների զարգացման համապարփակ արշավ է, որն ուղղված է միջազգային կիբեռանվտանգության ոլորտում աշխատող մասնագիտացված թիմերի և ազգային կառույցների համագործակցության խորացմանը։ Միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը, որի ընթացքում մասնակիցները կկիսվեն իրենց փորձով, կներկայացնեն կիբեռմիջադեպերին արդյունավետ արձագանքման փորձառություններ և կստեղծեն երկարատև գործընկերություն՝ ձևավորելով թվային անվտանգության նոր մակարդակ։

Միջոցառման շրջանակում նախատեսվում են ինտերակտիվ ձևաչափով վարժանքներ, սցենարային վերլուծություններ և գործնական ուսուցումներ, որոնք ուղղված են կիբեռսպառնալիքներին համակարգված և արագ արձագանքելու հմտությունների զարգացմանը։

Հիշեցնենք, որ «ԿիբեռԱմիս 2025»-ը և դրա շրջանակում անցկացվող միջոցառումների շարքն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) և Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) համատեղ նախաձեռնությամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է բարձրացնել Հայաստանի կիբեռանվտանգության պատրաստվածությունն ու իրազեկվածությունը, ինչպես նաև աջակցել «Կիբեռանվտանգության մասին» օրենքի առաջիկա նախաձեռնություններին։

Նմանատիպ գրառումներ