Ամփոփվել է «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի առաջին փուլը
- Հրապարակվել է՝ 23/03/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Թումո Լաբսում տեղի է ունեցել «Կիբեռանվտանգության կարողությունների զարգացման» ծրագրի առաջին փուլի ամփոփիչ միջոցառումը։
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ով բացման խոսքում ընդգծել է կիբեռանվտանգության ոլորտում կարողությունների զարգացման և պետություն–մասնավոր համագործակցության կարևորությունը։
Սիմոնյանը նշել է, որ ծրագրի առաջին փուլի ամփոփումը կարևոր հանգրվան է և վստահություն է հայտնել, որ այն կունենա երկարաժամկետ շարունակություն, իսկ դրա մոդելը կծառայի որպես հիմք՝ այլ կրթական համակարգերում և նոր ոլորտներում կիրառման համար։
Նախարարի տեղակալի խոսքով՝ նախաձեռնությունը միայն կիբեռանվտանգության մասին չէ, այլ առնչվում է Հայաստանի ապագային։ Նրա գնահատմամբ՝ կիբեռանվտանգությունն այսօր այլևս պարզապես մասնագիտական ուղղություն չէ, այլ տնտեսության զարգացման, պետական անվտանգության և թվային համակարգերի հիմնասյուներից մեկն է։
Սիմոնյանը նաև ընդգծել է, որ թվայնացման խորացմանը զուգահեռ, երբ թվային լուծումները դառնում են առօրյայի և պետական կառավարման անբաժանելի մաս, իսկ ԱԲ տեխնոլոգիաները արագ զարգանում են, առավել կարևորվում է որակյալ կրթությունն ու մասնագետների պատրաստումը։
Ռուբեն Սիմոնյանը կարևորել է երիտասարդների ներգրավվածությունը նման ծրագրերում՝ նշելով, որ դրանք բացառիկ հնարավորություն են տալիս ձեռք բերելու գիտելիքներ և հմտություններ, որոնք անմիջական ազդեցություն ունեն երկրի անվտանգության և ապագայի վրա։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր մասնակից իր դերակատարությունն ունի տնտեսության և պետության կայուն զարգացման գործում։
Եզրափակելով՝ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ ծրագրի արձանագրած հաջողությունները շարունակական կլինեն՝ դառնալով ավելի ընդգրկուն և զարգացած։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, Թումո լաբերի ղեկավար Բելլա Վասիլյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանության Առաքելության ղեկավարի տեղակալ Լարս Հեննիգը, «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» գլոբալ ծրագրի ղեկավար Ռաֆայել Պֆաուչը:
Միջոցառման ընթացքում իրականացվել է շրջայց TUMO Labs-ում, ներկայացվել են ծրագրի առաջին փուլի արդյունքները՝ ներառյալ ինքնուսուցման ծրագիրը, կիբեռսպրինտները և նախագծահեն ուսուցման մոդելը՝ ուղղված երիտասարդների մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ձևավորված գործընկերությունները։
Ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ ՀՀ կառավարության և Տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների կարողությունները և խթանել նրանց ներգրավումը կիբեռանվտանգության ոլորտում՝ կամրջելով մասնագետների առաջարկի և պահանջարկի միջև առկա բացը՝ տեղական բովանդակության զարգացման և նախագծահեն ուսուցման միջոցով։
