Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմաարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ
- Հրապարակվել է՝ 17/05/2024
- Թեմաներ
- Նորություն
Մայիսի 15-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմաարդյունաբերության կոմիտեի պատվիրակության և Արաբական արդյունաբերական կազմակերպության (ԱԱԿ) միջև անցկացվել է գործարար համաժողով։
Համաժողովի ընթացքում հայաստանյան և եգիպտական ռազմաարդյունաբերական ընկերությունների միջև տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ՝ քննարկելու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Հայկական և եգիպտական ռազմաարդյունաբերական ընկերությունների միջև գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Կահիրե են ժամանել մոտ մեկ տասնյակ հայաստանյան ռազմաարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ։
Մայիսի 16-ին տեղի է ունեցել նաև ՀՀ ԲՏԱՆ Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հանդիպումն Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահ Մոխթար Աբդելլատիֆի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։
Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը հանդիպել է նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետության ռազմական արտադրության պետնախարար Մոհամեդ Սալահ էդ-Դին Մուստաֆային։ Կարևորվել են հայ-եգիպտական բարեկամական և բարձր մակարդակի հարաբերությունները, ինչպես նաև քննարկվել են ռազմաարդյունաբերության ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: