ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը բացման խոսքով հանդես է եկել Armenia Cloud Summit-ին. քննարկվել են թվային ինքնիշխանության և արդյունավետ կառավարման նոր ուղիները
- Հրապարակվել է՝ 26/11/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Armenian Cloud Summit-ին:
Համաժողովն իրականացվել է ԲՏԱ նախարարության, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ։ Վերջինիս նպատակն էր ներկայացնել միջազգային լավագույն փորձն ու հարթակ ստեղծել պետական-մասնավոր համագործակցության համար ամպային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրման համար պետական կառավարման համակարգում։
Իր խոսքում Գևորգ Մանթաշյանը նշել է, որ ամպային տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի պետական կառավարման համակարգում ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց է, այլև ռազմավարական քայլ՝ վարժվելու ապահովել թվային անվտանգություն և արագ թվայնացում։
«Մենք պետք է սովորենք ադապտացվել այսօրվա իրականությանը, որոշ դեպքերում ճարտարապետենք այդ իրականությունը և կառուցենք անվտանգ, մասշտաբավորվող և ճկուն ենթակառուցվածքներ, որը կծառայի մեր քաղաքացիներին, կավելացնի մեր ազգային մրցունակությունը՝ խթանելով մասնավոր ներդրումները»-ընդգծել է նա:
Համաժողովի շրջանակում նախարարի առաջին տեղակալը մասնակցել է նաև «Ամպային տեխնոլոգիան՝ թվային վերափոխման և մասնավոր ներդրումների խթանիչ» թեմայով պանելային քննարկմանը։ Նա նշել է, որ ամպային ծառայությունները հնարավորություն են տալիս բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը՝ նվազեցնելով ծախսերը և բարելավելով գործընթացների դինամիկան։ Այս համատեքստում նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ ՀՀ կառավարության ընդունած «Ամպային առաջինը» քաղաքականության նպատակն է արագացնել որակյալ և արդյունավետ թվային նոր լուծումների ներդրումը։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց մոտեցումները՝ ամպային լուծումների դերի, ինովացիայի, մասշտաբելիության և մասնավոր ներդրումների խթանման ուղղություններով։
Երկօրյա միջոցառման օրակարգը ներառել է թեմաներ, ինչպիսիք են՝ Հայաստանի թվային հավակնությունները, գլոբալ ամպային լուծումների փորձը, ամպային ծառայությունների գնման առանձնահատկությունները, ամպային ենթակառուցվածքների և արհեստական բանականության լուծումների փոխկապակցվածությունը, ինքնիշխան և անվտանգ ամպերի ձևավորումը, միջազգային հաջողված փորձի օրինակները, ինչպես նաև ամպային տեխնոլոգիաների դերը մասնավոր ներդրումների խթանման գործում թեմաները։
Armenia Cloud Summit-ը եզրափակվել է Հայաստանի պետական կառավարման թվային վերափոխման ճանապարհային քարտեզի ներկայացմամբ, որը համադրում է միջազգային փորձը և ազգային ռազմավարական առաջնահերթությունները։

