Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Երևանում մեկնարկել է կիբեռանվտանգության վերապատրաստման ծրագիրը` քաղաքականություն մշակողների համար

Ապրիլի 27-ին Երևանում մեկնարկել է «Կիբեռանվտանգության վերապատրաստման դասընթաց քաղաքականություն մշակողների և քաղաքացիական ծառայողների համար» երկօրյա վերապատրաստման ծրագիրը։

Միջոցառման բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Իր խոսքում նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ կիբեռանվտանգությունը ռազմավարական նշանակություն ունեցող  բազմաշերտ ոլորտ է, իսկ ՀՀ կառավարության և նախարարության ջանքերը՝ տեղեկատվական անվտանգության պատասխանատու մարմինների հետ համատեղ, ուղղված են անվտանգ և կայուն կիբեռմիջավայրի ձևավորմանը։ Նա նշել է, որ ծրագիրը հատկապես կարևոր է պետական հատվածի աշխատակիցների քաղաքականություն մշակողների համար, քանի որ այն հնարավորություն է տալիս հասկանալու պետական որոշումների հիմքում ընկած մոտիվացիան, ընթացիկ զարգացումները և ապագա նպատակները։

Գևորգ Մանթաշյանը կարևորել է նաև միջազգային համագործակցությունը՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությունը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) հետ սերտ համագործակցության արդյունք է։ Նրա խոսքով՝ ժամանակակից կիբեռտիրույթում ոչ մի երկիր չի կարող լիարժեք պաշտպանված լինել միայնակ, և միայն համատեղ ջանքերի ու փորձի փոխանակման միջոցով է հնարավոր դիմակայել առկա մարտահրավերներին։ Նա կոչ է արել մասնակիցներին ակտիվորեն ներգրավվել քննարկումներին, բարձրացնել հարցեր և օգտագործել հարթակը՝ որպես ուսուցման և փորձի փոխանակման արդյունավետ հնարավորություն։

Վերապատրաստման ծրագիրը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) և Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ուսումնական կենտրոնի (APCICT) նախաձեռնությամբ։

Ծրագիրը նախատեսված է պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար, որոնք ներգրավված են թվային կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների և ցանցային անվտանգության ոլորտներում։ Այն նպատակ ունի զարգացնել մասնակիցների գիտելիքները տեղեկատվական անվտանգության, տվյալների պաշտպանության և արհեստական բանականության հիմունքների վերաբերյալ, բարձրացնել իրազեկվածությունը ժամանակակից կիբեռսպառնալիքների և դրանց ազդեցության մասին, ինչպես նաև աջակցել արդյունավետ քաղաքականությունների մշակմանը՝ միջազգային փորձի հիման վրա։

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն կիբեռռիսկերը և կմշակեն անվտանգ թվային միջավայրի ձևավորմանն ուղղված առաջարկություններ։ 

Ապրիլի 29-30-ը նախատեսված է նաև «Արհեստական բանականության հիմունքներ քաղաքականություն մշակողների և քաղաքացիական ծառայողների համար» դասընթացը։

Նմանատիպ գրառումներ