ԲՏԱ նախարարությունն ամփոփել է Microsoft 365 համակարգի ներդրման ծրագիրը. տեղի է ունեցել փորձի փոխանակման հանդիպում
հունիսի 16, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հունիսի 16-ին Ինժեներական քաղաքում հանդիպում է ունեցել պետական կառավարման համակարգի գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով նախարարությունում Microsoft 365 փաթեթի ներդրման փորձնական ծրագրի արդյունքները:
Նախարարի տեղակալը հանդես է եկել բացման խոսքով՝ ներկայացնելով ծրագրի նպատակներն ու հիմնական ուղղությունները: Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է պետական կառավարման համակարգի թվայնացման ռազմավարական նշանակությունը և արդի տեխնոլոգիաների կիրառմամբ պրոֆեսիոնալ, արդյունավետ ու ճկուն աշխատանքային միջավայր ձևավորելու անհրաժեշտությունը։
Նախաձեռնության հիմնական նպատակն է ապահովել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվային վերափոխումը, բարձրացնել աշխատակիցների համագործակցության և հաղորդակցության արդյունավետությունը, ապահովել ծառայությունների հասանելիությունն ու անխափանությունը, ուժեղացնել տեղեկատվական անվտանգության մակարդակը, ինչպես նաև ստեղծել ժամանակակից, անվտանգ և ճկուն թվային աշխատանքային միջավայր։
Ծրագրի արդյունավետ և համակարգված գործարկումն ապահովելու նպատակով նախարարությունը նախապես բանակցություններ է վարել տեխնոլոգիական հսկա Microsoft ընկերության հետ, ինչի արդյունքում կնքվել է համագործակցության պայմանագիր։
Իրականացվել են մի շարք կարևոր աշխատանքներ, մասնավորապես՝ սերվերային ենթակառուցվածքի ամբողջական նախագծում՝ ամպային տեխնոլոգիաների ներդրմամբ, տեխնիկական վերազինում՝ օգտատերերի համակարգիչների փոխարինում և արդիականացում նոր համակարգերին համապատասխանեցնելու նպատակով, աշխատանքային գործիքակազմի ինտեգրում՝ Microsoft 365 փաթեթի, ինչպես նաև ներքին հաղորդակցության օպտիմալացման համար Microsoft Teams հարթակի ներդրում և լիարժեք շահագործում, էլեկտրոնային նամակագրություն՝ Microsoft Exchange սերվերի նախագծում և գործարկում, կիբեռանվտանգություն՝ տվյալների պաշտպանության բարձր չափանիշներով օժտված, առավել անվտանգ թվային միջավայրի ստեղծում։
ԲՏԱ նախարարության մասնագետները ներկայացրեցին ծրագրի իրականացման շրջանակներում առաջացած խոչընդոտները և դրանց հաղթահարմանն ուղղված լուծումները, ծրագրի առավելությունները և առաջիկա քայլերը։
Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ամպային ու թվային լուծումների տեղայնացման և ներդրման հեռանկարները: Հանդիպման ավարտին ԲՏԱ նախարարության մասնագետները պատասխանեցին գերատեսչությունների ներկայացուցիչներին հետաքրքրող մասնագիտական ու տեխնիկական հարցերին։