Министерство высокотехнологической промышленности РА
Министерство Высокотехнологической
Промышленности Республики Армения

Նոր կարգավորումներ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում. Մխիթար Հարապետյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված օրինագծերը

ՀՀ  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ նոյեմբերի 14-ի նիստում ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որով նոր կարգավորումներ են առաջարկվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Նախագծերի նպա­տակը բարձր տեխ­նոլոգիական ոլորտի, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի և հարկային արտոնությունների շրջանակի վերա­նա­յումն է՝ նպա­տակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում։

Իր ելույթում մեկ անգամ ևս անդրադառնալով այն թեմային, թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը շուրջ 80 մլն դոլարանոց ծրագիր առաջարկում ոլորտի զարգացման քաղաքականությանը նպաստելու համար, նախարարն ընդգծել է, որ շատ կարևոր է, որ չլինի այն ընկալումը, թե սա կատարվում է որևէ այլ ոլորտի հաշվին։

«Այս ներդրումը հանուն մյուս ոլորտների զարգացման է։ Եթե մենք խոսում ենք անվտանգությունից, ռազմական արդյունաբերության, կիբեռանվտանգության, բարձր տեխնոլոգիական լուծումներով գործարանների և արդյունաբերության, տվյալների պաշտպանության  մասին՝ մերօրյա աշխարհում տնտեսության մեջ այլևս չկա մի ճյուղ, որտեղ տեխնոլոգիաները ներկայացված չեն։ Եվ այն երկրները, որտեղ տեխնոլոգիական լուծումներ ներդրված չեն՝ դատապարտված են պարտվելու մրցավազքը։ Հետևաբար, Հայաստանը ցանկանում է լինել խիստ մրցունակ այդ մրցավազքում՝ դիմակայելու այդ մարտահրավերները, ինչպես նաև ինքն իր համար, սեփական երկրի տնտեսության համար թռիչքաձև զարգացում ապահովել և էլ ավելի նպաստել իր ժողովրդի բարեկեցությանը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։  

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա ներկայացրել է օրենսդրական տվյալ փաթեթի շուրջ իրականացված աշխատանքները՝ կատարված համապատասխան մասնագեների և ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցելով։

«Հիմա մենք փորձում ենք ունենալ մի կարգավորում, որը հեռանկարում՝ 7 տարվա համար, կանխատեսելիություն կապահովի բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար։ Եվ սա ավելի շատ ոչ թե արտոնությունների, այլ առաջակցության նախագիծ է, որում մեծ տեղ է հատկացվում նաև կրթությանը, գիտությանը, գիտահետազոտական աշխատանքներին»,- ասել է Բաբկեն Թունյանը։

Օրինագծի շուրջ ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով նախագծի կարևորությունը հատկապես կրթության, գիտահետազոտության և պրոֆեսիոնալ կադրերի ներգրավումը խրախուսելու համար բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նա ներկայացրել է նաև օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մի շարք առաջարկներ, մասնավորապես՝ որպեսզի փոքր ընկերությունների և մեծ ընկերությունների միջև սահմանված շեմը վերացվի, խրախուսվի կրթական և գիտական ներդրումները, հստակեցվի այն շրջանակը, թե հատկապես ո՞ր ընկերություններին է վերաբերվում օրենքը։

Հատկանշական է, որ մինչև ԱԺ լիագումար նիստը, օրինագծերը հանգամանալից  քննարկում են անցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում և ոլորտի նրեկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում։  

Արված դիտողություններն ու առաջարկություններն արդեն իսկ ուսումնասիրվում են  և դրանց վերաբերյալ վերջնական դիրքորոշումը կքննարկվի առաջինից երկրորդ ընթեցման ընթացքում։

ԱԺ նոյեմբերի 14-ի նիստի շրջանակներում նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել նաև «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որն ուղղված է գործարար միջավայրի՝ տեխնոլոգիական և ինժեներական ընկերությունների գործունեության բարելավմանը։

Похожие сообщения